ԿարևորՏնտեսական

Ազատե՞լ սկսնակ գործարարին հարկերից, թե՞ ոչ. կարծիքները չեն հատվում

Հարկային արտոնություններ տրամադրելը պետական կառույցների կողմից միանշանակ չի ընդունվում, սակայն մոտ երկու տարի առաջ կառավարությունը ստիպված էր զիջել դիրքերն ու աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի սկսնակներին:  Սա աջակցություն է գերակա հայտարարված ոլորտին, մինչդեռ մյուսներն էլ  աջակցության կարիք ունեն:

 

Հրայրը  Սիրիայից է Երևան տեղափոխվել, փայտամշակմամբ է զբաղվում, աշխատում է, սակայն, այնքան էլ գոհ չէ, ասում է՝ Հայաստանում և Սիրիայում աշխատելու շուրջ 200 տարբերություն կարող է թվարկել, սակայն, ամենամտահոգիչն է առանձնացնում. Սիրիայում սկսկնակ գործարարին հարկայինը 6 ամսից մինչեւ 1 տարի հանգիստ է տալիս։

Վերջին տարիներին սկսնակ գործարարները հայտարարում են, որ իրենց հարկային արտոնություններ են անհրաժեշտ։ Խնդիրը հատկապես սիրիահայ գործարարներն են բարձրացնում՝ պատճառաբանելով՝ Սիրիայում իրենք ունեին այդ հնարավորությունը, այստեղ՝ ոչ։

Այս հարցում սակայն կարծիքները բախվում են՝ բոլորը չէ, որ առաջարկին համաձայն են: Պատճառաբանությունները տարբեր են՝ դրանցից  մեկն օրինակ՝  հարկային արձակուրդից դեպի հարկային դաշտ վերադարձը  դժվար կլինի՝ ասում են:

«Տվյալ գործարարը պետք է իմանա, որ ինքը եթե ազատված է հարկերից, վաղը ինքը այդ հարկը վճարելու է: Վտանգավոր կետի անցումն է ազատված հարկերից դեպի հարկերի վճարում»,- ասում է Գործարարության աջակցության գրասենյակի տնօրեն  Գևորգ  Պողոսյանը։ Նա վստահեցնում է՝  տարբեր ոլորտներում օրինակներ կան, երբ անցումը հարկային դաշտ պարզապես կործանարար է եղել տնտեսվարողի համար:

ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը  կարծում է, որ հարկերից ազատման մեխանիզմն  այնքան էլ լավ գործիք  չէ: Խնդիրը եղած օրենքները կիրառելի դարձնելն է՝ ասում է՝ հիշեցնելով՝ մեր երկրում հարկերից ազատելու մոդելը 2014թ ներդրվել է:

Նախորդ տարեվերջին կառավարությունը հանդես եկավ  օրենսդրական նախաձեռնությամբ և  որոշեց   ինքնազբաղվածներին  ազատել  հարկերից:  Նրանք մարդիկ են, ովքեր մեկ տարվա ընթացքում ապրանքներ ու ծառայություններ են մատուցել, սակայն վերջիններիս  եկամուտը չի գերազանցել 9 մլն դրամը՝  կոշկակար, դարբին, դերձակ, վարսավիր:  Դեկտեմբերին ԱԺ- ն արտահերթ նիստում   ընդունեց «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ցուցադրել ավելի
Back to top button