Վերլուծական

Պոլսահայությանն այսօր ավելի շատ հետաքրքրում է պատրիարքի ընտրությունը

2016 թվականը բարդ տարի էր Թուրքիայի համար, այդ երկիրն այս տարի էլ պատրաստվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել և Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր: ինչ սպասելիքներ կամ մտավախություններ ունի փոփոխություններից  Թուրքիայի հայ համայնքը:

 

Նախորդ  տարվա ընթացքում սրվեցին ՆԱՏՕ-Թուրքիա, Անկարա-Վաշինգտոն հարաբերություններն ու  այդ երկրի ներքին քաղաքականությունն սկսեց ղեկավարվել  դրսից: Թուրքիան անցյալ տարի չստացված հեղաշրջման փորձ ապրեց, ինչն ավելի սրեց ներքաղաքական իրավիճակը:

ԵՄ- ից երես թեքելով՝ այդ երկրի ղեկավարությունը կարևորեց Շանհայի կազմակերպությանն անդամակցելու մոտեցումը:  Անգամ Անկարայում ՌԴ դեսպանի տարեվերջյան սպանությունը  չազդեց ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Բարդ տարվա էջը փակելով՝ Անկարան այս տարվա պատմության էջը Թուրքիան պատրաստվում է լրացնել Էրդողանի վաղեմի երազանքն իրականացնելով՝ երկրում հաստատելով նախագահական կառավարում։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ Անկարան ոչ թե առաջ է գնում, այլ՝ հետ՝ «Օսմանյան կայսրության ժամանակների սուլթանական քաղաքականության նախատիպին»:

Եվ թուրք ժողովուրդը, ըստ թուրքագետի, կանգնած է Էրդողանի կողքին, ինչը նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններն ամենայն հավանականության  կհաջողեն, եթե իրավիճակը կտրուկ փոփոխության չենթարկվի։

Թուրքիայում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր, պոլսահայ մտավորական Ռոբեր Հատեճյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, խոսելով հայ համայնքի վրա սահմանադրական փոփոխությունների հնարավոր ազդեցության մասին, հստակեցրեց,  որ դրանք առաջին հերթին իշխանություն-ընդդիմություն հակասությունների ծիրում են և ոչ թե ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում։

Պոլսահայ համայնքի ուշադրությունն այսօր սակայն ոչ թե սահմանադրական փոփոխություններն են,  այլ Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները: Նախորդ տարվա  հոկտեմբերին կայացած եկեղեցական ժողովի հիման վրա  դիմում է ներկայացվել  թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարք ընտրելու արտոնություն ստանալու համար:

Պատճառը Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի երկարատև հիվանդությունն է,  նա մոտավորապես  9 տարի անգիտակից վիճակում է:

Եվ մեկ նրբագիծ եւս։ Օրերս թուրքական մի լրատվամիջոց հաղորդել է, թե Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին պատ է կառուցվելու։ Այս լուրը որեւէ այլ աղբյուրից այդպես էլ հաստատում չգտավ, սակայն, ըստ Խուդավերդանի, «եթե այն հաստատվի,  ապա կտեղավորվի Թուրքիայի ու Իրանի սահմանին պատ կառուցելու տրամաբանության շարունակներում»։

Ընթացիկ տարին խոստանում է բուռն լինել հարեւան երկրում։ Ինչ զարգացումներ կլինեն՝ դժվար է ասել, բայց ահաբեկչությունների շարքը, ըստ թուրքագետների, կշարունակվի նաև այս տարի:

Ցուցադրել ավելի
Back to top button