Հասարակություն

Բաքվի կոտորածներից անցել է 27 տարի

Հունվարի 13-ը Բաքվում հայերի դեմ կազմակերպված երրորդ խոշոր վայրագությունների տարելիցն է:  27 տարի առաջ 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայ ազգաբնակչությունը սոսկալի օրեր վերապրեց: Արցախյան շարժմանն ի պատասխան Ադրբեջանում սկսված հայահալած քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ, հազարավոր մեր հայրենակիցներ մազապուրծ փախան ազգերի բարեկամության խորհրդանիշ համարվող Բաքու քաղաքից: Նրանց մի մասը հաստատվեց հայրենի եզերքում: Բաքվի փախստականների հիշողություններում խուճապ, խաբված լինելու ցավ կա: Մեծամասնությունը խորհրդային երկրում նման իրողություն չէր սպասում: Մի մասն էլ քաջ պատկերացնում էր, թե ինչ է թաքնված թուրքի կեղծ ժպիտի տակ:

 

1990 թ. հունվարի 13-ին կայացած հանրահավաքից հետո կովկասյան թաթարների ամբոխը` տուն առ տուն սկսում է քաղաքը մաքրել հայերից: Օրվա ընտրությունը պատահական չէր, պայմանավորված էր Հին նոր տարվա հետ, որը հայերը շատ ճոխ նշում էին: Փախստականների վկայությամբ էլ՝ ջարդերին Բաքվում նախօրոք էին պատրաստվել, իսկ հեղինակն ու կազմակերպիչը ադրբեջանական ԽՍՀ վերնախավն ու մտավորականությունն էր. եղել է բռնությունների իրականացման հստակ սխեմա, նախապես հակահայկական քարոզչություն է տարվել ադրբեջանական լրատվամիջոցներով:

Այս ամենը շարունակվել է մինչև հունվարի 20-ը, երբ խորհրդային զորքերը մտնում են Բաքու: Զոհերի հստակ թիվը պարզ չէ: Տեղի ունեցած վայրագությունները դատապարտվել են Եվրախորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Իրադարձություններն իրավական գնահատական չեն ստացել, իսկ հայազգիների կրած վնասները մնացել են չհատուցված:

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ Բաքվի ջարդերը տեղի են ունեցել երեք փուլով: Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, Բաքվից փախստականների թիվը մոտավորապես 480 հազար է, իսկ Հայաստան եկել է 360 հազարը: Այսքանը գրանցվել են որպես փախստական:

Հայաստանում փախստականները 27 տարի անց էլ շարունակում են կրել  նյութական-կենցաղային դժվարություններ: Շատերը հեռացել են տարբեր երկրներ, իսկ մնացածներից շատերն էլ մի կերպ համակերպվում են այն իրավիճակին, որում շատ բան չի փոխվել, հատկապես հանրակացարանային ոչ բարվոք պայմաններում ապրողների համար՝ խոնավության հոտը բնակարաններից անպակաս է կլոր տարին:

Փախստականների հիմնական խնդիրներից մեկն էլ, ըստ Լարիսա Ալավերդյանի, աշխատանքի բացակայությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button