Տնտեսական

Կունենա՞նք արդոք քավառա կտավատ

Երեկ վարչապետի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները քննարկելու համար: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը <<Ռադիոլուրին>> փոխանցեց, որ ներկայացված 7 ծրագրերից 6-ին տրվել է հավանություն: Այսօր փորձել ենք հասկանալ, թե Հայաստանի ամենամեծ մարզի բնակիչները ինչ սպասելիքներ կարող են ունենալ եւ ինչ ժամկետներում:  

 

Ավանդական կարտոֆիլի, կաղամբի եւ գազարի աճեցումից անցում դեպի հնդկացորենի, կտավատի եւ եգիպտացորենի մշակում: Գեղարքունիքի մարզի հողագործները փորձում են ադապտացվել գյուղատնտեսական նոր պայմաններին, բայց դեռ իներցիայով դժգոհում են հին խնդիրներից:  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը <<Ռադիոլուրին>> պատմում է, որ իրականում անցումը բարդ չի տրվում: 2016-ի վերջում մարզում շահագործման հանձնվեց հնդկացորենի վերամշակման եւ փաթեթավորման գործարանը: Իսկ մինչ այս՝ փորձնական 200 հեկտարի վրա հնդկացորենի ցանքատարածություններ ստեղծվեցին: Փորձն այնքան արդյունավետ է, որ որոշվեց այս տարի 5 անգամ ավելացնել արտադրության ծավալները:

Այս ծավալները դեռեւս միայն հայաստանյան շուկայի համար են: Արտաքին շուկա դուրս է եկել Գեղարքունիքի մարզի մեկ այլ արտադրանք: 2016-ի վերջին 3 ամիսների ընթացքում 20 տոննա պանիր է արտահանվել Ռուսաստան: Վարչապետի կողմից երեկ հավանության արժանացած ծրագրերից մեկն առնչվում է հենց պանրի գործարանին:  Նախատեսվում է այս տարի արտահանումը հասցնել 100 տոննայի: Կողքից հետեւողների համար ձեռքբերումը, իհարկե, ոգեւորող է, բայց կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները վկայակոչում են առկա խնդիրները:

Կառավարությունում երեկվա խորհրդակցության ընթացքում հավանության արժանացած ծրագրերում կա նաեւ հենց կաթի մթերման ծրագիրը: Բայց մարզի համար թերեւս աննախադեպ նորություն է էներգետիկայի ոլորտին առնչվող ծրագիրը: Արաբական Միացյալ Էմիրությունների ներդրողները շուրջ երկու տարի այցելել են Գեղարքունիքի մարզ, ուսումնասիրել են քամու ուժգնությունը եւ ուղղությունը: Պարզել են,. որ ամեն ինչ իրենց համար հարմար է: Վերջին անգամ դեկտեմբերին էին այստեղ, կվերադառնան մարտին՝ արդեն վերջնական հաշվարկներով` ասում է Գեղարքունիքի մարզպետը: «Տվել են իրենց համաձայնությունը: Նախնական ծրագրով՝ շուրջ 70 մեգավատ հզորությամբ հողմակայան կկառուցեն: Զուգահեռ ուսումնասիրել են սահմանակից Աղավնաձորի տարածքը եւ նույնպես համաձայնվել են այնտեղ էլ կառուցել:

Ռաֆիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Գեղարքունիքում կան նաեւ տարածքներ, որոնք հետաքրքրել են արեւային էներգիայի արտադրությամբ զբաղվող ներդրողներին: Ամփոփելու համար նշենք, որ հավանության են արժանացել հիմնականում այն ծրագրերը եւ արտադրությունները, որոնք փոքր ծավալներով  արդեն գործում են: Կառավարության աջակցությունն ու ֆինանսավորումը ոչ թե ամբողջությամբ է լինելու, այլ՝  30 տոկոսի չափով, ինչը թույլ կտա ավելացնել արտադրությունների ծավալները եւ պաշտոնյաների պատկերացմամբ նորմալ բիզնես կապահովի Գեղարքունիքի հողագործների եւ գործարարների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button