ԿարևորՏնտեսական

Ե՞րբ իրականություն կդառնա Իրան- Հայաստան երկաթգիծը. կառավարության նիստում (լրացված)

տեղադրվել է ժամը 11։51- ին
վերջին լրացումը՝ ժամը 16։44- ին

Նախորդ տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանը  նախարարներին հորդորել էր լավ հանգստանալ. 2017թ  աշխատանքային ծանր տարի է  լինելու: Այսօր սակայն գործադիրի առաջին նիստի օրակարգը հագեցած չի եղել,  նիստն էլ տևել է մոտ 20 րոպե: Կարեն Կարապետյանը մեկ անգամ  ևս հիշեցրել է՝ 2017 թվականին աշխատանքային ռեժիմը լինելու է ավելի ծանր։ Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, հանձնարարականներ են հնչել:   2016թ-ը  հայտարարված էր  հավասար հնարավորությունների տարի, սակայն 2017-ին էլ ու ոչ միայն  հատուկ կարիք ունեցողները կլինեն կառավարության ուշադրության կենտրոնում՝ համենայնդեպս՝  փաստաթղթերով ու հայեցակարգերով: Այսօր հաստատվել է հաշմանդամների ներառման համալիր ծրագիրը,  կառավարության   2017թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, լուծարվել են  որոշ ընկերություններ: 

 

2017թվականը կառավարությունում օպտիմալացմամբ սկսվեց, լուծարվեց  տրանսպորտի ու կապի նախարարությանը պատկանող «Երկաթուղու շինարարության  տնօրինություն»  ՓԲԸ-ն:  Արդեն կառավարության նիստից հետո kրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյան պարզաբանեց՝ դրա գործառույթները կվարի նախարարության  կազմում  գործող երկաթուղու վարչությունը: Անդրադառնալով Իրան Հայաստան երկաթուղու  կառուցման նախագծին, որի մասին խոսվում է   շուրջ ութ տարի, Մարտիրոսյանը նշեց՝ ներդրողների հետ քննարկումներ են ընթանում:  «Կառույցի լուծարումը միայն օպտիմալացման պահանջ է»,- վստահեցրեց Վահան Մարտիրոսյանը՝  չհստակեցնելով սակայն ծրագրի իրականացման ժամկետները:

Ի տարբերություն նախկին պաշտոնյաների՝ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը ոչ թե վստահեցրեց, որ  ծրագիրը կյանքի կկոչվի, այլ՝  փոխանցեց հետևյալը. «Ցանկալի է, որ լինի։ Ամեն ինչ արվում է, որ լինի»:

Նախագիծ չկա,  չկա նաև ստույգ հաշվարկ, թե որքան ետգնում կիրականացվի ծրագրի արդյունքում:  Այսօր լուծարված  ընկերությունում մոտ ութ տարի   քննարկումներ են անցկացվել, ուսումնաիսրություններ կատարել, հաշվարկել անհրաժեշտ թունելների ու կամուրջների թիվը՝ ծախսելով տարեկան շուրջ 35 մլն դրամ:

Փաստորեն՝ սրանով կառավարությունը եւս մեկ քայլ է անում անհրաժեշտ խնայողություններն ապահովելու համար։ Սակայն համապետական ընտրությունների անցկացման համար կառավարության խնայողության չի գնա։

Հստակ է՝ 2017թ ապրիլի 2- ին կայանալիք  համապետական ընտրությունների անցկացման ու տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար գումար ունենք: Այն Եվրամիության աջակցությամբ է տրամադրվել դեռ նախորդ տարեվերջին: Այսօր սահմանվեց արտաբյուջետային միջոցների ծախսման ուղղությունները: Դեպոզիտ հաշվում դեռ գումարներ կան, կօգտագործվեն  տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու համար։

Այժմ սոցիալական խնդիրների մասին։ Կառավարությունում  սոցիալապես անապահով ընտանիքների գազի սակագնի նվազեցման հարցը քննարկելիս  պարզվել է, որ շատ հաճախ նրանք միջին վիճակագրական ընտանիքից մի քանի  անգամ  ավելի շատ գազ  են սպառում: Այժմ արդեն, ի թիվս այլ չափորոշիչների, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը կորոշվի նաև վերջինիս սպառած գազի ծավալներով:

Հիշեցնենք՝ սոցիալական այս խմբի համար հունվարի 1- ից մեկ խորանարդ մետր գազի սակագինը կազմում է 100 դրամ:  Տնտեսական  հատվածի  նախարարները  կաշխատեն նաև Հանրային  ծառայությունները կարգավորող  հանձնաժողովի հետ ու  կառավարության աշխատակազմ կներկայացնեն «ՀՀ էնեգետիկ  համակարգի  մինչև  2036թ զարգացման ուղները»  ծրագրում  անհրաժեշտ փոփոխությունների առաջարկություններ: Նպատակը, ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի,  հետևյալն է՝  էլեկտարէներգիա արտադրել՝  նվազագույն գնով։

Կառավարության այս տարվա առաջին նիստը շատ կարճ տևեց: Կարեն Կարապետյանը հույս հայտնեց, որ նախարարները լավ են հանգստացել, մեկ անգամ ևս հիշեցրեց՝   «2017 թվականին ռեժիմը լինելու է ավելի ծանր»,  նաև հարցերց՝    « հանգստյան օրերը շատ չէի՞ն»: Վարչապետի առաջարկով՝  հարցը կքննարկեն հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնեն»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button