ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը շարունակում է գաղտնի պահել իր զոհերը

Ռազմական ոլորտում 2016-ի առանցքային իրադարձություններն են այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն ու վերլուծաբան Գարիկ Հարությունյանը: Նրանք անդրադարձել են նաեւ հայկական եւ ադրբեջանական կողմի կորուստներին: Փորձագետները նկատում են, որ այդ առումով մի յուրօրինակ առանձնահատկություն կա: Եթե մեր դեպքում իրական, ապա Ադրբեջանի պարագայում խոսքը միայն հայտնի դարձած կորուստների մասին է:  Փորձագետների եզրահանգմամբ՝ Ադրբեջանն իր կորուստների գրեթե կեսից ավելին չի հայտնել: Նման եզրահանգման համար փորձագետները հիշատակել են նաեւ հստակ պատճառները:

 

Ռազմական ոլորտում առանցքային իրադարձությունը, բնականաբար, ապրիլյան պատերազմն էր: Այն լուրջ ազդեցություն ունեցավ տարբեր տեսանկյուններից: Կորուստների քանակով էլ, ցավոք, աննախադեպ էր՝ 94-ի հրադադարից ի վեր: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմը նաեւ լուրջ փորձություն էր անցած 25 տարիների ընթացքում կառուցած մեր պաշտպանական համակարգի համար: «Ըստ էության՝ ցույց տվեց, որ թեպետ հակառակորդի ուժերը գերազանցում են կենդանի ուժով, տեխնիկայի քանակով, որոշ, բայց ոչ բոլոր տեսակներում, նաեւ որակապես, բայց հակառակորդը չկարողացավ հասնել որեւէ լուրջ ռազմական առավել ության. որեւէ ձեռքբերում չունեցավ»:

Ապրիլյան պատերազմում մենք ցավալի կորուստներ ունեցանք: Հաշվի առնելով, սակայն, որ հակառակորդի կողմից հատուկջոկատայինները ու բավականին լուրջ ուժեր էին աշխատում, փաստացի պատկերն այն է, որ մեր շարքային դիրքապահներն ու սպայական կազմը կարողացավ հակառակորդի առաջխաղացումը կասեցնել: «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը երեկ հրապարակել է անցած տարվա ընթացքում՝ ներառյալ ապրիլյան պատերազմը, հայկական կողմի ունեցած կորուստները:

«Ռազմինֆո»-ի փորձագետներն այսօր հրապարակել են նաեւ Ադրբեջանի ունեցած մարտական եւ ոչ մարտական կորուստները: Կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը շեշտեց, որ Ադրբեջանի պարագայում խոսքը ոչ թե իրական, այլ հայտնի կորուստների մասին է՝ 116 մարտական եւ 35 ոչ մարտական կորուստ: Այդ առումով կա հստակ առանձնահատկություն։ «Եթե մեր դեպքում, գուցե ինչ-որ շատ փոքր սխալականությամբ, բայց խոսում ենք իրական կորուստների մասին, ապա Ադրբեջանի դեպքում կարող ենք խոսել միայն հայտնի դարձած կորուստների մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է կորուստների մասին հրապարակումն առանց պաշտպանության նախարարության թույլտվության: Մեր հաշվարկներով՝ իրենց կորուստների երեւի կեսից ավելին չի հայտնվել»,- ասում է վերլուծաբան Գարիկ Հովհաննիսյանը։

Նման եզրահանգում փորձագետներն արել են առանց շտապելու՝ հենվելով տարբեր աղբյուրների վրա, այդ թվում՝ նույն ադրբեջանական զեկույցների, որոնք յուրաքանչյուր ամիս ներկայացվում են ՄԱԿ-ում: Դիտարկվել են նաեւ ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների զեկույցներում հիշատակված տվյալները:

Փորձագետները նաեւ նկատեցին, որ ապրիլյան պատերազմի դասերն ունեցան հետեւանքներ: Կարեն Վրթանեսյանը, մասնավորապես, նշեց, որ բավականին վերանայվեցին մեր պաշտպանական հայեցակարգերի որոշակի խնդիրներ, եւ փաստացի արագացան մի շարք ուղղություններով տարվող աշխատանքների տեմպերը: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է նաեւ դիրքերի կահավորումներին եւ գիշերային դիտարկող սարքերով դրանց համալրմանը:

Ապրիլից հետո տեմպ հաղորդվեց նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում առկա ծրագրերին: Առաջին անգամ անցկացվեց ռազմարդյունաբերական ցուցահանդես, որի ժամանակ նաեւ ստեղծվեցին աշխատանքային կապեր ու պայմանագրեր կնքվեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button