ԿարևորՏնտեսական

ՓՄՁ- ն ակնկալում է կառավարության ուշադրությունը

Փոքր ու միջին բիզնեսը կառավարության ուշադրության կենտրոնում. ոլորտի պատասխանատուները վստահեցնում են՝ ամեն ինչ անում են ոլորտի կայացման համար, սակայն ոլորտի ներկայացուցիչների մի մասը հակառակ կարծիքին է: «Ռադիոլուրի» հետ զրույցում ՓՄՁ ներկայացուցիչները մատնանշել են իրենց անհանգստացնող խնդիրները:

Աշխարհին  հայտնի Քարահունջի օղիին զուգահեռ գուցե շատ շուտով այս գյուղին նույն համբավը բերի  սպիտակեղենի ու գուլպաների արտադրությունը, որը հիմնել է Սաթենիկ Մալինցյանը: Արտադրման ծավալները փոքր են,  պատրաստ են ավելացնել, եթե կարողանան ապրանքը վաճառել։

Մալինցյանը մեր երկրի ՓՄՁ ներկայացուցիչներից մեկն է, վստահեցնում է՝ կարողանում են հանգիստ աշխատել, սակայն ամենակարևոր հարցը, ըստ զրուցակցիս, ֆինանսների միջոցների անհասանելիության հարցն է:  Փոքր ու միջին բիզնեսի  գրեթե բոլոր ներկայացուցիչները մեր երկրում ֆինանսների խնդիր ունեն:

Մեր երկրի բոլոր կառավարությունների բոլոր ղեկավարները  պաշտոնի անցնելիս  հայտարարում են, որ ՓՄՁ պետք է զարգանա, կարևորում են  աշխատատեղերի ստեղծումը: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ  բացառություն չէր։ Նա չի կիսում այն կարծիքը, որ ՓՄՁ-ի հիմնական խնդիրը հարկային  օրենսդրությունն է։ Կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքները գնահատելու համար ժամանակ է պետք, մինչ այդ,  «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի»  փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը  կարծում է, որ կառավարությունը քիչ է  աջակցում ՓՄՁ-ին, որպես կարևորագույն հարց՝ կրկին առաջ է քաշում բարձր տոկոսադրույքներով վարկերի խնդիրը: Զրուցակցիս հիշեցնում եմ  ՓՄՁ ԶԱԿ-ի ու վերջիններիս կողմից  առաջարկվող դրամային վարկերի մասին։ Այստեղ էլ թղթաբանությունն է շատ՝ ասում է։ Գրիգորյանը  սակայն բանկերին չի մեղադրում, նշում է, որ ՓՄՁ-ի համար պետք է կայունություն ապահովել, հետո միայն բանկերի առջև խնդիր դնել:

Ինչպես ՓՄՁ-ի, այնպես էլ խոշոր բիզնեսի դեպքում Հայաստանում  խրախուսվում է արտադրությունը, սակայն մեր երկրում, հատկապես  ՓՄՁ-ի հիմնական մասը զբաղվում է ոչ թե արտադրությամբ, այլ՝ առևտրով: Սա Սամսոն Գրիգորյանը «արտադրությունը քիչ է   խրախուսվում»-ով է բացատրում։

«Շրջանառության հարկի» դաշտում աշխատողների համար հարկային դաշտն ավելի  պարզեցված է՝ ասում է «ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի»  փոխնախագահ Սամսոն Գրիգորյանը՝ միաժամանակ նշելով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի տարվի ԱԱՀ   հարկման դաշտ: Իսկ սա շատ հեշտ կարող է լինել, «եթե  օրինակ, ՓՄՁ- ն մոռանա մինչև փետրվարի  20-ը իր՝ շրջանառության հարկի  դաշտում աշխատելու մասին հայտարարություն ներկայացնի եւ ավտոմատ կանցնի ԱԱՀ հարկման դաշտ՝ բացատրում է:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարծում է, որ ՀՀ-ում  տնտեսվարողներն աշխատում են  ամենապարզ հարկատեսակներով, հիշեցնում, որ հարկային համակարգը փոփոխությունների է ենթարկվում։ Օրինակ՝  վերջերս կատարված փոփոխություններով ինքնազբաղվածներն ընդհանրապես ազատվեցին հարկային պարտավորություններից:

Դե իսկ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանն  աշխատանքային առաջին իսկ  խորհրդակցություններից  մեկի ժամանակ կարևորեց փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը: Այլ խնդիր է, թե ինչպես են մեխանիզմներն օգտագործվում:

Ցուցադրել ավելի
Back to top button