ԿարևորՔաղաքական

Վանաձորյան նոր զարգացումնե՞ր, թե՞ նախընտրական շոու

Ընդդիմադիր երեք կուսակցություն՝ <<Լուսավոր Հայաստանը>>, <<Բարգավաճ Հայաստանը>> եւ <<Օրինաց երկիրը>> դիմել կառավարությանը՝ հոկտեմբերի 2-ին ընտրված Վանաձորի ավագանու եւ քաղաքապետի հրաժարականի պահանջով: Պատճառը՝  ավագանու չկայացող նիստերն են: Հիշեցնենք՝ ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը, քանի որ համոզված են՝  Վանաձորի ավագանու առաջին նիստի ժամանակ տեղի է ունեցել, իրենց բնորոշմամբ, ձայների գողություն, որի արդյունքում ավագանիում մեծամասնություն չունեցող հանրապետականի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանն է դարձել Վանաձորի քաղաքապետ: <<Ռադիոլուրը>> փորձել է հասկանալ, թե ինչ հնարավոր լուծում կարող են ստանալ նոր զարգացումները:

Վանաձորի ավագանու ընտրություններից հետո հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու առաջին եւ այս պահի դրությամբ միակ նիստը, որի ընթացքում ավագանիում մեծամասնություն չունեցող հանրապետականի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը դարձավ Վանաձորի քաղաքապետ: Ընդդիմադիր երեք ուժ՝ <<Լուսավոր Հայաստանը>>, <<Բարգավաճ Հայաստանը>> եւ <<Օրինաց երկիրը>> այդպես էլ չգտան, թե իրենց շարքերից ովքեր էին այն երեք գործիչները, որ հարազատ թեկնածուի օգտին քվեարկելու փոխարեն փակ-գաղտնի քվեարկությամբ ձայները տվեցին հանրապետականին: Ահա եւ ամբողջ պատմությունը, որը բոյկոտի պատճառ դարձավ եւ կազմալուծեց Վանաձորի ավագանու աշխատանքը: Ոչ երեք, ոչ էլ 6 ամիս չաշխատելը եւ բոյկոտելը պատճառ չէ ավագանին լուծարելու՝ <<Ռադիոլուրի>> հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Համոզված է՝ ընդդիմադիրները կազմակերպում են նախընտրական շոու, այնպես որ կառավարությունը չի ընդունի երեք ընդդիմադիրների դիմումը, խորհուրդ է տալիս ուշադիր ընթերցել օրենքը եւ նշում է նոր ժամկետ՝ հունիսը:

Ընդդիմադիր երեք ուժերն իրենց հերթին համոզված են՝ Վանաձորի ավագանու նիստերը ինչպես չեն կայացել, այդպես էլ շարունակվելու է այսուհետ: Իրենք բոյկոտը չեն դադարեցնի։ Ընդդիմադիր կողմից Վանաձորի ընտրված քաղաքապետ համարվող Քրիստ Մարուքյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց այլ հիմնավորումներ՝ ծանրակշիռ եւ օրինական համարելով կառավարություն ուղարկած դիմումը:

Մինչ ենթադրություններով սպասում ենք Վանաձորի ավագանու նիստերից մեկի հնարավոր կայացմանը, քաղաքի այս տարվա բյուջեն դեռ չի հաջողվել հաստատել։ Այս տարվա ծրագրերն ու ծախսերի ուղղությունները, հատկացված պետական գումարը ծախսվելու է նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչեւ նորի ընդունումը: Սա, անշուշտ, նաեւ չարաշահումների պատճառ կարող է դառնալ: Վերջում հիշեցնենք, որ Վանաձորում եւ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները սահմանում էին այս քաղաքների համար կառավարման նոր մոդելը:

Ցուցադրել ավելի
Back to top button