Հասարակություն

Հայաստանում եւ Արեւմուտքում հաստատված հայերի մեծ մասը Հալեպ չի վերադառնա

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի այցը Սիրիա մեծ հույս ներշնչեց սիրիահայությանը: Այս համոզմունքին է «Հալեպահայեր» Ֆեյսբուքյան էջի կարգավորող Սոսի Միշոյան- Դաբաղյանը: ԵՊՀ  սփյուռքագիտության ամբիոնի դասախոս Ավո Ավոշյանի խոսքով՝ այսօր, երբ Հալեպն ազատագրված է, բնականաբար, հայ համայնքը շարունակելու է եկեղեցական եւ ազգային կյանքը:  Նրանք համոզված են, որ Հալեպի վերականգնման եւ վերընձյուղման վերաբերյալ հայրապետական կոչերը սիրիահայ գաղութի վերականգնման ու գոյատեւման գրավական են դարձել:  

 

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի այցը Սիրիա բավականին ծավալուն էր՝ նախագահ Բաշար Ասադի հետ պատմական որակված հանդիպում-քննարկումներից  մինչեւ հայ համայնքների ներկայացուցիչների հետ հետագա անելիքների մասին քննարկումները:

Արամ Առաջինի քառօրյա այցը Սիրիա եւ այնտեղ ունեցած բազմապիսի հանդիպումները մեծ հույս են ներշնչել սիրիահայությանը, իսկ Հալեպի վերականգնման եւ վերընձյուղման վերաբերյալ հայրապետական կոչերը սիրիահայ գաղութի վերականգնման ու գոյատեւման գրավական են դարձել նրանց համար։

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի դասախոս Ավո Ավոշյանի փոխանցմամբ՝ դժվար է այսօր հստակ թվեր նշել, թե, մասնավորապես, Հալեպում հայության քանի տոկոսն է մնացել, սակայն, մոտավոր թվերով կարելի է ասել, որ չնայած 5-ամյա դաժան պատերազմի, 6-8 հազար հայ շարունակել է մնալ այնտեղ:

Նա համոզված է, որ Արամ Առաջին կաթողիկոսի այցը կխթանի հալեպահայության վերադարձը։ «Ոչ բոլորն էին, որ գաղթած էին: Հետեւաբար, նրանց կարող են միանալ նաեւ նրանք, ովքեր առժամյա տեղահանված էին Հալեպից: Այսինքն՝ ուրիշ տեղեր գնալով վերջնականապես չէին հաստատվել եւ, ամենայն հավանականությամբ, կվերադառնան»,- ասում է:

«Հալեպահայեր» Ֆեյսբուքյան էջի կարգավորող Սոսի Միշոյան-Դաբաղյանը սակայն կարծում է, որ նրանք, ովքեր Հայաստանում կամ Արեւմուտքում են հաստատվել,  այլեւս դժվար թե վերադառնան Սիրիա: Մինչ պատերազմը Հալեպի հայության թիվը մինչեւ 50 հազար է հաշվվել: Սոսի Միշոյան-Դաբաղյանի կարծիքով՝ հալեպահայ համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր անորոշ վիճակում են շարունակում ապրել եւ երկմտում են, անպայման կվերադառնան: Նա կարծում է, որ Հալեպ կվերադառնան նաեւ բոլոր այն հալեպահայերը, ովքեր տեղափոխվել էին Սիրիայի համեմատաբար այլ անվտանգ բնակավայրեր:

Թե՛ Ավո Ավոշյանը, թե՛ Սոսի Միշոյան- Դաբաղյանը հույս ունեն, որ հալեպահայերին զորակցության քայլերը կշարունակվեն, ինչի պարագայում հալեպահայ համայնքի վերակազմակերպումը կկայանա:

Ցուցադրել ավելի
Back to top button