ԿարևորՔաղաքական

Կարմիր խաչի Երեւանի եւ Բաքվի գրասենյակների միջեւ երկխոսություն է ընթանում

Չպետք է կորցնել զգոնությունը և միշտ պետք է պատրաստ լինել  ադրբեջանական հերթական ագրեսիային: Ալիևի կողմից  հնչող հայտարարություններին ի պատասխան՝ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշում է, որ հակառակորդի  վերջին շրջանի  պահվածքն ու ռազմատենչ հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, թե պետք չէ զուր հույսեր  ունենալ ու մտածել, թե ռազմական գործողությունների վերսկսման վտանգը չեզոքացված է։ «Ապրիլից հետո  զսպվածությունը սահմանին նշանակում է, որ  կամ լուրջ հետևություններ է արել, կամ պատրաստվում է ավելի լուրջ հարվածի»,- ասում։

Դեկտեմբերին  Չինարիի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակման մասին հիշատակելով՝ Ալիևը քննադատել է ՀԱՊԿ- ին՝ նշելով, թե «ՀԱՊԿ-ի նախկին ղեկավարները քաղաքական մեծ սխալ են գործել՝ որդեգրելով հայամետ  դիրքորոշում և կիրառելով անընդունելի ձևակերպումներ»։ Խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից արված ԼՂՀ  ձևակերպման մասին է, ինչը, մեղմ ասած, դժգոհություն է առաջացրել Բաքվում:

Առիթից օգտվելով Ալիևը կրկին հիշատակել է այդ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցն ու խոստացել լուծել այդ խնդիրը:Նա ևս մեկ անգամ շեշտել է ստատուս- քվոյի  անընդունելիության մասին։  «Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կարելի է խոսել ՀԱՊԿ-ում ՀՀ մասնակցության ձևաչափի փոփոխության մասին»,- վստահ է քաղաքագետը։

Առանձին անդրադարձ նաև ապրիլից հետո հայկական կողմի կորցրած 800 հա-ին: Ալիևը վստահեցնում է, թե վերաբնակեցնելու է այդ տարածքը, ինչը քաղաքագետը քարոզչություն որակեց ու նշեց, որ  դա պետք է ընդունել  իբրև բանակցությունների բացակայությունը լրացնող ադրբեջանական ֆոն:

Ուշադրության առանցքում է բնականաբար նաև դիվերսանտի  դին  վերադարձնելու մասին ԵԱՀԿ ՄԽ  հայտարարությունը:  Սերգեյ Մինասյանն այն տարօրինակ համարեց. մի կողմից շեշտադրվում է Սանկտ Պետերբուրգում  ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը, որը բնականաբար ուղղված է Բաքվին, մյուս կողմից խոսվում է դիվերսանտի դին վերադարձնելու մասին: Այդուհանդերձ՝ նա կարծում է, թե պետք է վերադարձնել դիվերսանտի դին, ու մի նկատառում անում. «Դա հումանիտար խնդիր է և պետք չէ նմանվել Բաքվին: Եթե ուշացնում են, ուրեմն մի բան կա»:

«Ռադիոլուրը» փորձեց պաշտպանության նախարարությունից ճշտել,  թե քննարկվո՞ւմ է արդյոք ադրբեջանցի դիվերսանտի դին հայ գերու հետ փոխանակելու հարց: «Խնդրում են Կարմիր խաչ դիմել»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման  բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենց Բաքվի գրասենյակի հետ այս պահին երկխոսություն է ընթանում։

Ի դեպ՝ Կարմիր խաչից  հստակեցրեցին, որ հայկական կողմը Ադրբեջանում մեկ ռազմագերի ունի, զոհվածի դի չունենք:

Ցուցադրել ավելի
Back to top button