ԿարևորՔաղաքական

Կարմիր, դեղին, կանաչ. լուսանշանը կորոշի՝ կարո՞ղ ենք քվեարկել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում հաստատել է այն կարգը, որը վերաբերում է ապրիլի 2-ի ընտրությունների տեխնիկական սպասարկումն ապահովող մասնագետներին: Սահմանվել են այն չափորոշիչները, որոնցով կկատարվի նրանց ուսուցումն ու կտրվի համապատասխան որակավորում: Իսկ թե որ կազմակերպությունը կիրականացնի տեսախցիկների տեղադրումն ու  ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակումը բոլոր տեղամասերից, պարզ կդառնա հունվարի 17- ին: Հատուկ այս նպատակով ստեղծված հանձնաժողովը մրցույթ է հայտարարել և սպասում է մրցութային հայտերի:

 

Կարող եք քվեարկել, թե՝ ոչ ապրիլի 2-ին ընտրական տեղամասում  կորոշի տեխնիկական համակարգը ՝ կարմիր, կանաչ ու դեղին լուսանշաններով: Եթե սարքավորումը կանաչ ազդանշանով արձագանքի, նշանակում է ընտրողը մինչ այդ տեղամասային կենտրոնում չի եղել և առաջին անգամ է քվեարկում: Եթե դեղին լույս վառվի, նշանակում է ընտրողը տվյալ  տարածքի ցուցակում ընդգրկված չէ, իսկ եթե լուսանշանը կարմիր լինի, ուրեմն մեկ այլ փաստաթղթով արդեն քվեարկել է ու գործն արդեն իրավապահներինն է:

Մոտավորապես այսպես է աշխատելու գրանցման էլեկտրոնային համակարգը, որն այս ընտրությունների հիմնական նորամուծությունն է: «ԱԺ ընտրությունների ժամանակ առաջին անգամ ընտրական բոլոր տեղամասերում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումներ և ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով»:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ՝ մոտ 4000 սարքավորման ներդրման  և մոտ այդքան էլ մասնագետ ներգրավելու կարիք կառաջանա:  Կարգը, որով  ընտրվելու են այդ մասնագետները, հաստատվեց հանձնաժողովի այսօրվա նիստում: Մրցույթի հիման վրա նրանք ընտրվելու են, դասընթացների են մասնակցելու և համապատասխան որակավորում են ստանալու: Տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովող մասնագետները ներգրավվելու են պայմանագրային հիմունքներով:

Ի դեպ, օրենսգիրքը նախատեսում է, որ կարող են ներգրավվել նաև հանրային ծառայողները: Վարձատրությունը սահմանվում է նվազագույն ամսական աշխատավարձի 120 տոկոսի չափով: «Նրանց ծանրաբեռնվածությունը լինելու է ընտրությունների նախորդ օրը, իսկ հիմնական ծանրաբեռնվածությունը՝ հենց քվեարկության օրը»:

Տեխնիկական մյուս նորամուծությունը ընտրական գործընթացի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումն է:  Այս դրույթն  Ընտրական օրենսգիրք մտավ ընդդիմության ու իշխանության բանակցությունների  արդյունքում՝ ստորագրված ցուցակների հրապարակման պահանջի մասին: Բայց եթե ցուցակների հրապարակումը մեծ ֆինանսներ չի պահանջում, ապա տեսախցիկների ձեռք բերումն ու տեղադրումը պահանջում է: Ի դեպ, օրենքը նշում է, որ պետք է մրցույթ անցկացվի և մասնագիտացված կազմակերպություն ընտրվի, որն էլ կիրականացնի  տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակման ապահովումը բոլոր տեղամասերից:

Տիգրան Մուկուչյանն ասում է՝ իրենք ոչ թե մասնակցում, այլ հետևում են այս գործընթացին: «Գործում է հանձնաժողով, հանձնաժողովը հայտարարել է մրցույթ, այս փուլում  ստանում է հայտեր, կա վերջնաժամկետ»:

Մրցույթի վերջնաժամկետը հունվարի 17-ն է՝ « Ռադիոլուրի»  հետ զրույցում ասաց  հանձնաժողովի անդամներից Ավետիս Ավագյանը, ով այստեղ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչն է: «Հունվարի 17-ին ժամը 10-ին պետք է տեսնենք, թե ինչ հայտեր կան և ըստ այդմ  պետք է ընտրվի շահող կազմակերպությունը»:

Գործընթացի ֆինանսավորումն ապահովելու առումով հանձնաժողովը որևէ լիազորություն չունի և ելնում է այն իրողությունից, որ միջազգային կառույցները պատրաստակամություն են հայտնել ապահովել անհրաժեշտ նյութական միջոցները: Ինչ վերաբերում է սուղ ժամկետներին , ապա ընդդիմության ներկայացուցիչը մտավախություն չունի, որ ժամանակի անբավարարության պատճառով հանրավոր է և տեսանկարահանման բաղադրիչը չգործարկվի:

Հիշեցնեմ, որ քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում  3 4-երի ձևաչափից մնացել են միայն 2 չորսերը՝ ընդդիմության և իշխանության: Քաղհասարակության ներկայացուցիչները  իրենց մասնակցությունն  այս  հանձնաժողովի աշխատանքներին նպատակահարմար չեն համարել:

Ցուցադրել ավելի
Back to top button