Հասարակություն

«Գազպորմը» Վրաստանին Հայաստան գազի տարանցման հարցով փաթեթ է ներկայացրել

«Գազպրոմ էքպորտ» ընկերությունը Թբիլիսիին փաթեթային առաջարկ է ներկայացրել ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստան տարանցման վերաբերյալ: «Գազպրոմ էքսպորտի» գլխավոր տնօրեն Ելենա Բուրմիստրովան հայտարարել է, որ վրացական կողմին արվել է առաջարկ լավագույն փոխշահավետ պայմաններով, այն թույլ կտա Թբիլիսիին երաշխավորված եկամուտ ունենալ գազի տարանցումից և բարձրացնել գազամատակարարման հուսալիությունը:

Նախօրեին Մինսկում կայացել էր Բուրմիստրովայի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հանդիպումը՝ գազի տարանցման վերաբերյալ նոր պայմանագիրը համաձայնեցնելու նպատակով: Կախա Կալաձեն, գնահատելով «Գազպրոմ էքսպորտի» առաջարկը, այն անվանել է հետաքրքրական՝ խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ: «Գազպրոմը» նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց: Հիմնական զրույցն ընթացել է ֆինանսական վճարման անցնելու շուրջ: Մանրամասները կհրապարակենք, երբ հարցը քննարկվի կառավարության նիստում»,- ասել է Վրաստանի էներգետիկայի նախարարը:

Հիշեցնենք, որ Թբիլիսին Հայաստան գազի տարանցման դիմաց նախորդ պայմանագրով, որն ավարտվել է անցյալ տարեվերջին, ստանում էր ռուսական կապույտ վառելիքի 10 տոկոսը: Վրացական կողմը կարևորում է նաև երկիր մատակարարվող կապույտ վառելիքի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը: Վրաստանը  2007 թվականից չի գնում  ռուսական գազ, այդուհանդերձ՝ վերջին տարիներին սպառվող գազի 12% վրացական շուկայում ռուսական է, վառելիքը Թբիլիսին ստանում է Հայաստան գազի տարանցման դիմաց:

Ցուցադրել ավելի
Back to top button