Հասարակություն

Ամուսնանա՞լ, թե՞ ոչ. սա՞ է խնդիրը

Օրերս «Մարաշլյան» ֆոտոստուդիայի կողմից հրապարակած լուսանկարը Ֆեյսբուքում բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Հրապարակված լուսանկարում հայուհին իր օտարերկրացի սևամորթ ամուսնու և երեխայի հետ էր՝ հայկական տարազներով։ Տարատեսակ քննադատություններից ու խոսակցություններից հետո լուսանկարը հեռացվել էր ստուդիայի ֆեյսբուքյան էջից։  Սակայն  խառն ամուսնությունների  թեման այդքանով չսահմանափակվեց ու սկսվեց քննարկվել արդեն մամուլի ակումբներում։

 

Մինչև վերջերս Հայաստանում ազգամիջյան ամուսնությունները հիմնականում գրանցվում էին հայ տղամարդկանց և այլազգի կանանց միջև: Եթե ռուս կամ ուկրաինացի հարսներին մենք արդեն սովորել էինք տեսնել, ապա եվրոպական կամ օվկիանոսից այն կողմ գտնվող երկրների փեսաներին՝ ասենք սևամորթներին  մեզ  համար նորություն էին։ Թեման այդքան հնչեղություն չէր  ստանա, եթե օրերս «Մարաշլյան» ֆոտոստուդիան չհրապարակեր մի լուսանկար, որտեղ հայուհին իր օտարերկրացի սևամորթ ամուսնու և երեխայի հետ էր՝ հայկական տարազներով։

Ստուդիայի   կողմից հրապարակած լուսանկարը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  բուռն քննարկումների առիթ էր դարձել։  Միանգամից սկսվեց կարծիքների տեղատարափ, հասարակությունը բաժանվեց երկու մասի. ոմանք  սկսեցին մեղադրել հայուհուն, որ նա ամուսնացել է օտարազգու հետ՝ վտանգի տակ դնելով հայի  գենը, ոմանք էլ սկսեցին պաշտպանել նրան՝ յուրաքանչյուր մարդ  ինքն է որոշում ում հետ ամուսնանալ և ընտանիք կազմել։

Արդյունքում՝ եղավ այն ,որ լուսանկարը հեռացվեց ստուդիայի ֆեյսբուքյան էջից։ Սակայն թեման դրանով չփակվեց։ Դրա քննարկումները շարունակվում են, անգամ փորձագիտական մակարդակով։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ պետական քաղաքականությունը տարածում է խավարամտություն, կեղծ ազգայնականություն։ Ասում է, որ  խտրական վերաբերմունքը հիմնականում դրսևորվում է կանանց նկատմամբ, քանի որ կինն ավանդաբար ընկալվում է որպես «համայնքի սեփականություն»:

Այդ դեպքում ինչու քննադատության չարժանացավ մեկ այլ հայուհի` Քիմ Քարդաշյանը, երբ իր սեւամորթ ամուսնու եւ երեխայի հետ Հայաստանում էր։  Զարուհի Հովհաննիսյանը այլ փաստարկ  է բերում: «Երեսպաշտությունն ակնհայտ էր, որովհետեւ Քիմ Քարդաշյանը համայնքի սեփականությունը չէր: Ավելին, նա համայնքին դիվիդենտներ էր բերում»։

Իսկ  եզդիական «Սինջար» ՀԿ-ի ղեկավար Բորիս Մուրազին նշում է, որ այս դեպքն ինդիկատոր էր, որ ցույց տվեց, թե հանրության մեջ խտրականության դրսևորման հետ կապված ինչ վիճակ է և ինչ անելիքներ կան: Բորիս Մուրազիի հետ համակարծիք է նաև «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի» համակարգող Անահիտ Չիլինգարյանը, սակայն վերջինս նշում է, որ  ոլորտում օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button