Քաղաքական

Նախընտրական դաշինքները ԸՕ- ից բխող անհրաժեշտություն է՝ ասում են քաղաքագետները

Խորհրդարանում հայտնվելու համար քաղաքական դաշինքները դատապարտված են հավաքել ընտրողների ավելի շատ ձայն, քան` ընտրություններին առանձին գնացող կուսակցությունները: Անցումային շեմը դաշինքների համար երկու տոկոսով ավելի է, բայց այս տարվա խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից շատերը գնալու են դաշինքներով: Սա նոր ընտրական օրենսգրքից բխող անհրաժեշտություն է՝ պարզաբանում են քաղաքագետները:

 

Ընտրողների ձայների 7 տոկոսի հաղթահարման դժվարությունը չէ, որ <<Ազգային վերածնունդ>> կուսակցությանը հետ է պահում դաշինքի ձեւավորումից եւ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հեռանկարից: Իրական պատճառները թաքնված են այսօրվա խորհրդարանում՝ բացահայտում է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Դաշինքների չկայացած փորձը այսօրվա խորհրդարանից առիթով եւ անառիթ մշտապես հիշեցրել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ քաղաքական խորհրդակցությունների այսօրվա մասնակից ուժերին խորհուրդ տալով շատ ուշադիր լինել նոր դաշինքների կառուցվածքը մշակելիս:

Տարատեսակ դաշինքներ ստեղծելու այսօրվա գործընթացի իրական դրդապատճառները պարզաբանում են քաղաքագետները: <<Ռեյտինգային քվեարկության համակարգն է ստիպում գնալ խոշորացումների եւ դաշինքով ընտրություններին մասնակցելու>>,- <<Ռադիոլուրի>> հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ  Հովհաննիսյանը: Բացահայտում է՝ թեեւ անցնում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, բայց <<ռեյտինգային>> կոչված քվեարկությունն իրականում քողարկված մեծամասնական ընտրակարգն է, որի դեպքում՝ իր ունեցած լծակներով եւ ռեսուրսներով հաղթում է, այսպես ասենք, <<թաղային հեղինակություն>> քաղաքական գործիչը: Որոշ կուսակցությունները <<ռեյտինգային>> քվեարկության հարցում խնդիրներ չեն ունենա, բայց մնացածները հենց դաշինքներով են լուծելու առաջացած խնդիրը՝ ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ ապագա խորհրդարան մուտք գործած դաշինքները չեն կրկնի այսօրվա խորհրդարանի պառակտված դաշինքների եւ համագործակցության ճակատագիրը: Քաղաքական այս վերլուծաբանն էլ է պնդում՝ դաշինքներն ու միավորումները բխում են ԸՕ-ից:

Այս պահի դրությամբ դեռեւս հայտնի է ձեւավորված մեկ դաշինքի մասին, մնացած բոլոր վերադասավորումները դեռեւս ենթադրությունների փուլում են: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ուշիուշով հետեւում է բոլոր հնարավոր զարգացումներին: Իր անձնական կարծիքով՝ ձեւավորված միակ դաշինքը, խոսքը ԵԼՔ- ի մասին է, բնական միավորում է համարում, որը, կարծում է, տեր կկանգնի ազատական գաղափարախոսություն ունեցող լիբերալների ձայներին: Դեռեւս մամուլում շրջանառվող մյուս դաշինքների ձեւաչափերը՝ այս քաղաքական գործչին արհեստական են թվում:

Ամեն դեպքում՝ այս խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքների թիվն, ամենայն հավանականությամբ, շատ է լինելու: Բացահայտումների համար մնացել է շատ քիչ ժամանակ եւ կուլիսային քննարկումներն առաջիկա օրերին կգաղտնազերծվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button