ԿարևորՏնտեսական

Հայկական գինու եւ կոնյակի ապագան. արտահանման ծավալներն ավելացել են, աշխարհագրությունը…

Հայկական գինին  և կոնյակը շարունակում են հիմնականում  գրավել ռուսական շուկան: Պաշտոնյաները վստահեցնում են, որ շուկաները դիվերսիֆիկացվում են, մթերող ընկերությունները՝ հակառակն են նշում:  2016-ին էլ արտահանման  աշխարհագրությունը չի փոխվել՝  արտահանված  արտադրանքի շուրջ 80 տոկոսը ՌԴ է ուղևորվել, արտահանումներ կան նաև ԱՊՀ երկրներ, Չինաստան, ԱՄՆ և ԵՄ երկրներ:  Տվյալները «Ռադիոլուրին» է փոխանցել գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: ԱՎԾ-ն դեռ  տարին ամբողջությամբ չի ամփոփել։ 2016թ անցած 11 ամիսներին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գինու արտահնման ծավալներն ավելացել են   31,4, իսկ կոնյակինը՝  27,5 տոկոսով:

Հնագիտական պեղումները  փաստեցին՝ մ.թ.ա. 9-րդ դարում   Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն: 2011թ Վայոց ձորում  հայտնաբերվեց նաև  աշխարհի ամենահին գինու հնձանը:

Հայկական գինին շատ շուտով համաշխարհային գինեգործության քարտեզի վրա իր ուրույն  տեղը կունենա՝ վաստահեցնում են  գինու արտադրությամբ հայտնի Վայոց ձորի մարզի Արենի համայնքի անհատ գինեգործները:  Սա նրանց եկամտի հիմնական ու որոշ դեպքերում նաև միակ ապրուստի միջոցն է:

Հին աշխարհում  գինին աստվածային խմիչք էր համարվում։ Անհատ գինեգործները հպարտությամբ են նշում՝ ծնված օրվանից  են գինու արտադրությամբ  զբաղվում: Նրանց ամեն ինչ հոգեհարազատ է՝ և գինու բույրը, և գինու արտադրման  գործընթացն ամբողջությամբ;  Նրանց լավատեսությունը սակայն մյուս զրուցակիցս՝ գինու , կոնյակի արտադրությամբ զբաղվող Արարատի մարզում գտնվող ընկերությունների մեկի տնօրեն Ռազմիկ Թևոնյանն այնքան էլ  չի կիսում,  անդադար թվարկում է իրենց առջեւ ծառացած  խնդիրները որպես առաջնային մուծում պահանջող հարց, առանձնացնում է  ֆինանսական ռեսուրսների  անմատչելիությունը։

Այս ընկերությունն էլ արտադրանքը հիմնականում Ռուսաստանի Դաշնություն է  արտահանում, այլ շուկաներ, անգամ՝  ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ չեն էլ փորձում մտնել, շուկա մուտք գործելն է բարդ։

Հայկական  հատկապես փոքր  ընկերությունները  հիմնականում արտահանման հետ կապված դժվարությունների առջև են կանգնում: Գյուղատնտեսության նախարար նշանակվելուց  օրեր անց Իգնատի Առաքելյանը ռուս գործընկերների հետ քննարկել էր հայկական արտադրանքը մեկ միասնական բրենդով Հայաստանից արտահանելու հարցը: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ  հարցն ընդգրկված է հունվարի վերջին կայանալիք  խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների նիստում։

Գինեգործների միության նախագահ  Ավագ Հարությունյանի փոխանցմամբ, հատկապես փոքր ընկերությունները կողմ են միասնական բրենդով արտահանելու գաղափարին։ Դրան մասամբ կողմ են նաև խոշոր ընկերությունները՝ բացառությամբ Երևանի կոնյակի գործարանի: Ավագ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի ճանապարհը սա չէ։ «Դա Հայաստանն ավելի կթուլացնի։ Ընդհանուր բրենդ նշանակում է էժան ապրանք: Հայաստանի ճանապարհն էժան ապրանքի մեջ չի: Ընդհանուր մի բան կսահմանեն, կտանեն ամենաէժան գնով անդեմ մի բան կառաջարկեն, և մենք կլուծենք այսօրվա տնտեսական այս ցավոտ խնդիրները, բայց առաջ չենք նայի»,- ասում է։

Գինեգործը կարծում է, որ խնդիրների լուծման համար հայեցակարգային մոտեցումներ են անհրաժեշտ, կառավարությունը պետք է գյուղացուն  կարողանա ճիշտ ուղղորդել՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

2016թ գինու և  կոնյակի  արտա հանման աշխարագրությունը չի փոխվել՝ հիմնական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, այն մեր ավանդական շուկան է, արտահանվող գինու և  կոնյակի  80 տոկոսը նրան է բաժին հասնում, արտահանումներ կան նաև ԱՊՀ երկրներ, Չինաստան, ԱՄՆ և ԵՄ երկրներ:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ի դեպ,  ըստ տրամադրության  և գինի, և կոնյակ է նախընտրում: Գերադասում է, սակայն, գինի խմել:

Ցուցադրել ավելի
Back to top button