Հասարակություն

Զգոն եղեք, եթե անգամ միացած է գազի արտահոսքի ազդնշանային համակարգը

Սառը ցիկլոնները ներխուժել են Հայաստան եւ, հավանական է, որ դեռ երկու ամիս մեզ սառը տրամադրություն կփոխանցեն եւ Հիդրոմետի տաք կանխատեսումներին անհամբեր սպասումով կպահեն: Մինչ պայքարում ենք սառը եղանակի դեմ՝ օգտագործելով ջեռուցման տարբեր եղանակներ ու միջոցներ, բախվում ենք անվտանգության կանոնների խախտումների հետ, ցավոք, արձանագրելով մահվան ելքով դեպքեր: Մարդկանց չիմացությա՞ն, զգուշավորության պակասի՞, թե՞ գազի արտահոսքի պատասխանատվությունը կանխող ու անվտանգության երաշխիքներ տրամադրող ընկերության բացթողման հետեւանք են շմոլ գազից թունավորումները:

 

1-04 ծառայության հեռախոսահամարը ծանոթ է բոլորին, եթե ոչ, ապա տարին երկու անգամ գազսպառող բաժանորդներս հնարավորություն ունենք շփվելու գազի ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման՝ <<Էյ –Ի-Ջի-Սերվիսի>> աշխատակիցների հետ: Գազի արտահոսքը կանխելու եւ անվտանգության երաշխիքներ առաջարկող ծառայության գործառույթը հստակ է՝ ՀՀ 670 հազար  բաժանորդների համար իրականացնել գազասպառման կենցաղային համակարգերի տեխնիկական սպասարկում՝ ապահովելով գազին միացված համակարգերից անվտանգ օգտվելու իրավունքը:

Ադելինա Ղազարյանը, նոր է տեղափոխվել բազմաբնակարան շենք, գազին միացված բոլոր սարքերը նոր են, սակայն սեփական զգոնության ու ուշադրության շնորհիվ կարողացել է կանխել հերթական թունավորման հնարավորությունը: Ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատակիցն այցելել է սովորական ժամանակացույցի համաձայն, ստուգել անվտանգության նորմերը, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ գազօջախին միացված խողովակը թույլ է ամրացված եղել համակարգին եւ գազի արտահոսք է գրանցվել: Ռեպորտաժի հերոսը կանխել է գազից թունավորման հնարավոր վտանգն արագ արձագանքելու շնորհիվ ու փրկել է մի ողջ ընտանիք։ Իսկ ինչո՞ւ չի արձագանքել գազի արտահոսքը զգուշացնող ազդանշանային սարքը, որը երբեմն միանում է միգուցե եւ անտեղի, հարցին <<Էյ-Ի-Ջի-Սերվիս>> ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը պատասխանում է. <<Համակարգը կարող է չարձագանքել, անգամ բարեխիղճ սպասարկման պարագայում, հարկավոր է նաեւ տան անդամների ուշադրությունն ու զգոնությունը բարձրացնել>>:

Արման Նալբանդյանը նաեւ վստահ է, որ ծառայության աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, այլ բան է, որ բաժանորդները կարող է չկիրառեն աշխատակիցների ցուցումները, մասնավորապես՝ չկատարեն գլխավոր հորդորը՝ <<չանջատել ազդանշանային համակարգը>>, իսկ անսարքության դեպքում, եթե անգամ գրանցվել է աշխատակցի այցելությունից հետո, դիմել ընկերություն եւ ստանալ տեխնիկական համապատասխան անվճար աջակցություն:

Արման Նալբանդյանի հորդորն ընդունելով ի գիտություն, պետք արձանագրել, որ ձմռան այս ցուրտ օրերին` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից: Միայն այս 10-ը օրերի ընթացքում, ըստ նախնական տեղեկատվության, ունեցել ենք մահվան ելքով 3 անձ եւ 8 տուժած: <<Էյ-Ի-Ջի-Սերվիս>> -ի գլխավոր տնօրենը հորդորում է չզբաղվել ինքնագործունեությամբ, <<բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները>>:

Ըստ գազսպառող բաժանորդների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման աշխատանքային կանոնակարգի, մասնագետների այցերը նախատեսված են տարին երկու անգամ՝ ըստ սեզոնային փոփոխության: Իսկ հնարավոր է, որ ջեռուցման մեկնարկին զուգահեռ ավելացնել անվտանգության երաշխիքներ ապահովող աշխատակիցների այցերը՝ ծառայության ղեկավարը չի բացառում, նշելով, որ իրենք ունենք թիրախային խմբեր, որոնց բնակարաններ այցելությունները կատարվում են առանց աշխատանքային գրաֆիկի՝ հնարավոր վտանգները կանխելու համար։

Ի դեպ, մարզային ու սեփական բնակարան ունեցողներն ավելի քան անզգույշ եւ ռիսկային բաժանորդներ են՝ տարբեր տեսակի եւ ձեւի գազի տաքացման համակարգեր եւ ջրատաքացման սարքեր օգտագործելու տեսանկյունից, քանի որ կիրառում են ինքնաշեն տաքացման սարքեր:

 

Ցուցադրել ավելի
Back to top button