Հասարակություն

ՔԿՀ աշխատակիցը փորձել է թմրանյութ իրացնել աշխատավայրում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ  քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Ազատ Մ.-ի մոտ խոշոր չափերի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մ.-ն, դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ, Դրանք աշխատավայրում իրացնելու նպատակով՝ 2016թ. դեկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ:

Թմրամիջոցների մի մասը, այդ թվում` 46,5 գրամ մարիխուանա-ն և բուպրենորֆին տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ազատ Մ.-ի անձնական խուզարկության ժամանակ: Վերջինս դրանք թաքցրել էր ծխախոտի տուփերում: Մարիխուանա թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:

Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ազատ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Ազատ Մ.-ն կալանավորվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button