ԿարևորՔաղաքական

Վիգեն Սարգսյան. Մեր ԶՈւ- ն արձագանքում են, երբ կա թիրախ խոցելու անհրաժեշտություն

Տոնական օրերին իրավիճակը Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, ինչի մասին Հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Վիճակը եղել է համեմատաբար ավելի հանգիստ: Սա չի նշանակում, որ չեն եղել հրադադարի խախտումներ, այն առումով, որ հակառակորդը շարունակում է պարբերաբար կրակ արձակել, բայց դրանք հիմնականում չթիրախավորված կրակոցներ են: Գիտեք, որ մեր Զինված ուժերը արձագանքում են միայն թիրախայինին այն դեպքում, երբ կա թիրախ խոցելու անհրաժեշտություն»։

Նախարար Վիգեն Սարգսյանը նշել է սակայն, որ  զինադադարի ցանկացած խախտում հրադադարը պահպանելու պարտավորության խախտում է, և դրան պետք է լինի քաղաքական համապատասխան արձագանք: Վիգեն Սարգսյանը անդրադարձել է նաև առաջնագծի վերազինման խնդրին ու դիվերսիոն ներթափանցման փորձերին։ «Չկա այնպիսի տեխնիկա, որը բացառի հակառակորդի ներթափանցումները, սակայն սահմանների վերազինումն ու կահավորումը մշտապես ընթացող գործընթաց է։ Այնուամենայնիվ, իհարկե, ինչքան ավելի կահավորված է առաջնագիծը, այնքան նման ներթափանցման հնարավորությունն ավելի քիչ է։ Ապրիլից ի վեր տեսնում ենք, որ երևույթն ապացուցվում է փաստերով՝ ներթափանցման փորձերի թվաքանակով և դրանց արձագանքելու մեր կարողությամբ»։

Անդրադառնալով դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանի Չինարիի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձին  ու մամուլում հայտնված լուրերին, որ եղել է,ոչ թե դիվերսիոն խումբ ,այլ մեկ հոգի՝  ՀՀ   ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը
բացեց որոշակի փակագծեր։ «Ես ներկա եմ եղել դեպքի վայրում։ Ինչ- որ տեղի ունեցավ  3-րդ բանակային   կորոպուսի ուղղությամբ, դեպքը մանրամասն  վերլուծվել է, հակառակորդը, որ խնդիր էր դրել  իրականացնելու, խոցվել է ու հիմա դին գտնվում է  մեզ մոտ»։

Իսկ մինչ սահմանային միջադեպերին անդրադառնալը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան հրամկազմի այլ ներկայացուցիչներ ներկայացրեցին արդեն  երեկվանից մեկնարկած  այս զորակոչի  առանձնահատկությունները։ Այսուհետ նորակոչիկները զինվորական համազգեստն ստանալու  են հենց հավաքակայանում։ Փոփոխություն է կատարվել նաև մարտական հերթապահության անցնելու կարգի մեջ։  Վիգեն Սարգսյանի հրամանով՝ չեղարկվել է ապրիլից հետո մարտական հերթապահության գործող կարգն ու վերադարձ է կատարվել նախկինին, այսինքն  նորակոչիկը մարտական հերթապահության կանցնի վեցամսյա ծառայությունից հետո միայն։ Մինչ այդ նրանք ծառայությունը կանցնեն ուսումնական զորամասերում: Հիշեցնենք, որ այդ ժամկետը զգալի կրճատվել էր եւ զինվորական ծառայության անցնելուց երկու ամիս անց զինվորները անցնում էին մարտական հերթապահության:

Ու թերևս անդրադարձ կատարվեց  բժշկական ստուգումներին. այն, որ հաճախ նորակոչիկներին բանակ են զորակոչում առողջական խնդիրներով: Պաշտպանության նախարարը հավաստիացրեց, որ հանրապետական հանձնաժողովի առջեւ խնդիր են դրել՝ մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք՝ սխալներ թույլ չտալու համար։ «Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ֆիքսում, որ շատ նորակոչիկներ գալիս են հիվանդությունների հաստ փաթեթով եւ յուրաքանչյուր դեպքում մինչեւ վերջ հասկանալու խնդիր կա՝ պարզելու դրա իսկությունը եւ հիմնավորվածությունը: Զինված ուժերի շահերից է բխում, որպեսզի զորակոչվեն եւ ծառայություն անցնեն այն մարդիկ, որոնք ֆիզիկապես ի վիճակի են դա անել՝ առանց լրացուցիչ բարդություններ առաջացնելու առողջության համար»: 

Ցուցադրել ավելի
Back to top button