Հասարակություն

Սոցիալական ոլորտում 2017- ի նորամուծությունները

Կառավարությունը 2017թ կենսաթոշակ ու նպաստ չբարձրացրեց, սակայն փոխարենը քաղաքացիներին ծառայությունների հասանելիություն է խոստանում: Սոցիալական ոլորտում քայլ առ քայլ ներդրվում է փաստաթղթերի ներկայացման   առցանց եղանակը: Սա, ըստ պատասխանատուների,  կհեշտացնի ՀՀ շարքային քաղաքացիների կյանքը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց:

 

Սոցիալական ոլորտն ամենախոցելին է, ու պատահական չէ, որ պետական բյուջեի սուղ միջոցների առյուծի բաժինը հենց այս ոլորտին է հատկացվում։ Պատճառը պարզ է՝ մեր երկրում, պաշտոնական տվյալներով, աղքատ է բնակչության 29,8 տոկոսը: Տարբեր ծրագրեր, նպաստներ, կենսաթոշակ ու  միանվագ գումարներ՝ հիմնական նպատակը կրկին թեկու չնչին, սակայն սոցիալական բեռի թեթևացումն է:  2017թ կենսաթոշակառուների համար սպասված տարի չէ, նրանց առանց այն էլ չնչին թոշակը չի բարձրանա,   զրուցակիցներս  դժգոհ են, սոցիալական խնդիրներն օրեցօր ավելի ու ավելի են սրվում։

2017թ , սակայն կոնկրետ սոցիալական այս խմբի համար նորույթ կա՝   կենսաթոշակի անցնելիս արդեն կարևոր չէ  շահառուի բնակության հասցեն, ավելի պարզ՝ Կապանում կամ Գյումրիում գրանցված, սակայն Երևանում բնակվող   քաղաքացին  գրանցման վայր գնալու կարիք  այլևս չի ունենա:  Կառավարության համապատասխան որոշումն ընդունվեց նախորդ տարեվերջին: Նույն սկզբունքը գործում է նաև  ընտանեկան նպաստի դեպքում: Մինչ այժմ, Գյումրիում հաշվառված, սակայն Երևանում բնակվող  քաղաքացին նման հնարավորություն չուներ:

Այս տարվանից Հայաստանի հետ կենսաթոշակային  ապահովության բնագավառում համաձայնագիր կնքած պետությունում բնակության  իրավունք կամ այդ պետությունում քաղաքացիություն ունեցող կենսաթոշկառուներին ևս դյուրացումներ են սպասվում։ Նախկինում տվյալ երկրներում բնակվող   քաղաքացին դիմում է ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար, պարտադիր պետք է ներկայացնի փաստաթուղթ, որը հավաստում է՝  համաձայնագրի մասնակից երկրում կենսաթոշակ չստանալու  մասին:

Այդ պահանջը գործում էր նաև կենսաթոշակ վճարելու  իրավունքը  վերականգնելու դեպքում: Սա լրացուցիչ քաշքշուկ էր քաղաքացիների համար: 2016թ հանվեց երեխայի մոր՝ փաստաթղթերի  պարտադիր ներկայացնելու պահանջը, այժմ արդեն այն կարելի է առցանց  լրացնել՝ այցելելով www.epension.am կայքէջ:  Առցանց դիմելու հնարավորություն արդեն կա նաև  առաջին ու երկրորդ երեխայի ծննդյան միանվագ  նպաստիի դիմումը ներկայացնելիս:

Վարդանյանների ընտանիքում մի քանի ամսից երկրորդ երեխան կծնվի: Նորամուծությունից  տեղյակ են, նաև առաջարկ ունեն  պատկան մարմիններին։

«Լավ կլինի, որ մայրության նպաստի փաստաթղթերն էլ օն-լայն ներկայացնենք»,- ասում են։

2017թ  նախատեսվում  է  առցանց դիմելու  հնարավորություն ստեղծել նաև   յուրաքանչյուր երրորդ ու հաջորդ երեխայի ծննդյան միանվագ  նպաստի՝ մեկ մլն դրամի դեպքում։

Այս տարի նաև շրջանառությունից  հանվում են  աշխատանքային գրքույկները: Գործատուները պետք է աշխատանքյաին գրքույկները ներկայացնեն համապատասխան լիազոր մարմին,  այն պետք է սքանավորի ու ներառի տեղեկատվական համակարգ: Որպես այդ մարմին սահմանված է սոցիալական ապահովության պետական ծառայությունը, որից էլ փորձեցինք պարզել՝ թե որ փուլում է գործընթացը, այստեղից  «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ  «Աշխատանքային գրքույկները ՀՀ  կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու եվ աշխատողներին հանձնելու կարգը առաջիկայում հանրությանը կտեղեկացվի»:

Ցուցադրել ավելի
Back to top button