Հասարակություն

Նորմայի սահմաններում. օդերեւութաբանները եղանակի մասին, բնապահպանները համաձայն չեն

Այս տարվա ցուրտն աննախադեպ չէ: Ավելին՝ ունեցել ենք շատ ավելի ցուրտ ձմեռներ, երբ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը տատանվել է -25 -30 աստիճանի սահմաններում՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և աշխարհում առաջին հերթին կլիմայի գլոբալ փոփոխություններ հետևանք է՝ տեղի ունեցածը բնորոշել է բնապահպան Կարինե Դանիելյանը:

 

Ցուրտ ձմեռ կանխատեսվել էր դեռ աշնանը, բայց որ ցուրտ հոսանքները հատկապես զգում են երևանցիները, կարծես վերջին տարիներին օրինաչափություն է դարձել: Քաղաքը, կարծես արդեն ավանդաբար, պատում է մառախուղը, որը թվում է՝ չի էլ պատրաստվում նահանջել, ինչպես և դեկտեմբերից հաստատված ցուրտը: Թե ինչքանով են եղանակային այս պայմանները նորմայի սահմաններում «Ռադիոլուրը» հետաքրքրվեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանից:

«Բնականոն, նորմալ երևույթ է, գալիս է Աարրատյան դաշտի լեռնագրական առանձնահատկությունից: Քանի որ Արարատյան դաշտը միջլեռնային գոգավորություն է՝ շրջապատված բարձր լեռնաշղթաներով, բնականաբար պետք է սառը օդը լեռնաշղթաների լանջերից, ունենալով ավելի մեծ կշիռ ու խտություն, հոսի դեպի Արարատյան դաշտի հատակային հատված և կուտակվի այնտեղ»,- ասում է։

Օդերեւութաբաններն այստեղ դիտարկումներ են իրականացնում դեռ 1843 թվականից: Ըստ այդմ՝ 3 կամ 5 տարին մեկ Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում:

Սակայն բնապահպաններն այստեղ նկատում են ավելի շատ անոմալ երեւույթներ՝ այն պայմանավորվելով կլիմայի գլոբալ փոփոխություններով։ «Ես իմ հոդվածներում և ելույթներում գրեթե չեմ օգտագործում կլիմայի տաքացում տերմինը: Ինձ համար ավելի կարևոր է կլիմայի դեստաբիլիզացումը: Նաև տարբերությունը ամառվա և ձմեռվա շատացել է: Ունենում ենք շատ շոգ ամառներ և շատ ցուրտ ձմեռներ»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը։

Հաշվի առնելով աշխարհում արձանագրվող աղետներն ու սաստիկ ցրտերը՝ բնապահպանը ուրախությամբ նկատում է, որ Հայաստանը բարվոք վիճակում է, կլիմայական տատանումները դեռևս չեն հանգեցնում աղետների: «Փառք Աստծո, Հայատսնաում այդ փոփոխությունները  ի տարբերությւոն օրինակ Ռուսաստանի դեռևս այդքան հզոր չեն: Տեսնում ենք ինչ աղետներ են ամբողջ աշխարհում՝ ցունամիներ, տայֆուններ:Այնպես որ կապել դա կ ոնկրետ Երևանի կամ Հայաստանի հետ, կարծում եմ՝ սխալ կլինի: Չնայած միկրոկլիման ևս նշանակություն ունի: Բոլոր դեպքերում անտառները ինչքան հնարավոր է պետք է վերականգնենք»:

Ամեն դեպքում՝ աղետների ռիսկերը տարեց տարի աճում են ողջ աշխարհում։ Պատահական չէ, որ Կարինե Դանիելյանն այդ ամենը կապում է կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ: Այն, ինչ տեղի է ունենում մեզ մոտ և ամբողջ աշխարհում, բնության պատասխանն է մարդկությանը՝ ասում է:

Վերադառնալով հանրապետությունում  սպասվող առաջիկա եղանակին՝ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում լուրջ փոփոխություններ չեն լինի:

Ինչ վերաբերում է ամսական միջին ջերմաստիճանին՝ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարը կլինի նորմայի սահմաններում: Տեղումների քանակը ևս կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Ցուցադրել ավելի
Back to top button