ՎերլուծականՔաղաքական

Բորդյուժայի՝ Արցախը ԼՂՀ ներկայացնելու հայտարարության տարաբնույթ մեկնաբանությունները

Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի արած հայտարարությունը շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք տալ, հատկապես այն բանից հետո, երբ հայտարարությունից օրեր անց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժան փոխարինվեց իր տեղակալ Վալերի Սեմերիկովով: 

 

Երեկ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գնահատականին՝  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ այն  շատ հստակ էր։ «Չինարիում միջադեպի հետ կապված գլխավոր քարտուղարի հայտարարությունը շատ հստակ էր, իսկ գլխավոր քարտուղարը ՀԱՊԿ­ կարևորագույն ինստիտուտներից մեկն է և նիստերի միջև ընկած հատվածում արտահայտում է ամբողջ կազմակերպության կարծիքը»:

Փորձագիտական շրջանակներում, մինչդեռ, գնահատականները միանշանակ չեն: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, օրինակ, միանշանակ համոզված է, որ Բորդյուժան ներկայացրել է կազմակերպության տեսակետը:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ, մինչդեռ, Բորդյուժայի հայտարարությունն ամեն դեպքում հասցեական չէր, երբ այն դիտարկում ենք տեղի ունեցած դիվերսիայի տեսակետից: Քաղաքագետը նկատում է, որ որեւէ գնահատական տրված չէր, որը կտեղավորվեր ՀԱՊԿ-ի նորմատիվներով ամրագրված վտանգների ու սպառնալիքների մեջ: «Նման գնահատական տրված չէր: Տրված չէր հասցեատիրոջ անվանումը: տրված էր, որ ՀՀ տարածքում տեղի է ունեցել ինչ-որ մի բան, որը իրենք գնահատում են սադրանք: թերեւս այս առումով հայտարարությունն անբավարար էր»:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի արձագանքը հենց դրա լավագույն վկայությունն էր: Իհարկե, Ադրբեջանն առաջին հերթին փորձեց դժգոհություններ արտահայտել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպման կապակցությամբ: Ստեփան Սաֆարյանը համակարծիք էր, որ դա Ռուսաստանի տեսակետն էր, սակայն, ըստ նրա, նման տերմինաբանությամբ ուղղակի ուշադրություն շեղվեց:

«Քանի որ ինքը՝ ՀԱՊԿ-ը ունակ չէր ադեկվատ գնահատական տալու տեղի ունեցածին, բնականաբար, քարտուղարությունը, եւ առաջին հերթին պիտի խոստովանել՝ Ռուսաստանը, փորձեցին կոշտ գնահատականով նախազգուշացնել Ադրբեջանին, որովհետեւ ակնհայտորեն պայմանավորվածություններ են խախտվել եւ Ռուսաստանը գոհ չէր, որ Ադրբեջանը նման սադրանք է կազմակերպել, որովհետեւ այդ սադրանքը, ըստ էության, օրակարգ էր բերում Վիեննայի օրակարգը եւ, մասնավորապես, միջադեպերի հետաքննման մեխանիզմը, որը Ռուսաստանին բացարձակապես ցանկալի չէ: Այսինքն՝ միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդրում, մոնիտորինգի մեխանիզմների ամրապնդում՝ ԵԱՀԿ դիրքերի ամրապնդում: Մի բան, որը Ռուսաստանի համար ցանկալի չէր»:

Հետեւաբար, Ռուսաստանին մնում էր քարտուղարության միջոցով Ադրբեջանին ինչ-որ բան հասկացնել: Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Ռուսաստանը հասկանալով, որ Ադրբեջանին շատ է զայրացրել, որի հետ ունի տնտեսական, քաղաքական ու այլ հեռահար նպատակներ, բնականաբար, գնացին նաեւ Բորդյուժային փոխարինելու քայլին՝ այդպիսով հանգստացնելով Բաքվի կրքերը: Այդ փորձը, սակայն, մեզ համար անցանկալի մեկնաբանություններ ստացան: Այն է, որ Բորդյուժան պատժվել է: Փաստորեն Բորդյուժայի գնահատականը մնաց որպես հեռացած գլխավոր քարտուղարի գնահատական եւ պետք չէ այն վերագրել ՀԱՊԿ-ին ու հույսեր կապել, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը լուրջ ազդեցություն ունի, մանավանդ անդամ երկրներն իրենց վարքագծով ցույց տվեցին, որ դա ամբողջ կազմակերպության գնահատականը չէ՝ եզրափակեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նույնպես կարծում է, որ արված հայտարարությունից պետք չէ առանձնապես սպասումներ ունենալ: Նա, միաժամանակ, Բորդյուժայի փոխարինումը չի կապում արված հայտարարության հետ: Ինչ վերաբերում է այդ առթիվ մեկնաբանություններին, ապա, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրենի ձեւակերպմամբ, բնական են ինչպես Ադրբեջանում հնչող մեկնաբանությունները, այնպես էլ Հայաստանում. մարդիկ, ովքեր ուզում են հակառուսական մոտեցումներ, ուրեմն պիտի մեկնաբանեն այնպես, ինչպես դա մեկնաբանում են:

Ցուցադրել ավելի
Back to top button