ԿարևորՀասարակություն

Այս տարվանից Հայաստանում գրանցված դեղերի կեսը վաճառվում է դեղատոմսերով

Մի քանի օր է, ինչ սկսել են գործել <<Դեղերի մասին>> օրենքի այն կարգավորումները, որոնք առնչվում են դեղատների աշխատանքին: Տարածված կարծիք կա, որ նոր կարգավորումներն ի վերջո բերելու են փոքր դեղատների փակմանը: Պետության ներկայացուցիչները պնդում են, որ վաղուց հասունացել է ոլորտը կարգավորելու խնդիրը: Դեղերի վաճառքի կարգավորումն իր հետ բերելու է մեկ այլ խնդրի լուծման՝ կնվազեն ինքնաբուժումները: Ինչպես են աշխատելու դեղատները, ինչ կկարողանանք գնել առանց դեղատոմսի, ով եւ ինչպես է գրելու դեղատոմսը, շուկայում կրկին կհանդիպե՞նք կեղծ կամ չգրանցված դեղերի: Հանրությանը հուզող հարցերի պարզաբանումներին առաջարկում ենք ծանոթանալ ստորեւ:

 

Արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության բոլոր դեղատներում դեղերի մի մասի վաճառքն իրականացվում է դեղատոմսերով: Դա է պահանջում <<Դեղերի մասին>> օրենքը, որի այս դրույթը ուժի մեջ է մտել արդեն այս տարվա հունվարի 1-ից: Սովորական ցավազրկողները, ամեն դեպքում, ազատ վաճառվում են եւ շարքային սպառողն այս առումով խնդիր չի ունենա՝ զգուշացնում է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Դեղատոմսով վաճառքի ենթակա եւ ազատ վաճառվող դեղերի ցանկերն արդեն տեղադրված են առողջապահության նախարարության էլեկտրոնային կայքում: Թյուր կարծիք է տարածված, որ դեղատոմսերով վաճառքը վերաբերում է միայն հակաբիոտիկներին: Ընդհանուր առմամբ՝ հայտնի է, որ Հայաստանում գրանցված 4500 դեղերի ուղիղ կեսը այսուհետ վաճառվելու է բացառապես դեղատոմսերով:

Ներարկման համար նախատեսվող լուծույթները, ասենք՝ հաբ լինելու պարագայում եթե անգամ մատչելի է գնորդի համար, այն պահից սկսած, երբ հայտնվում է սրվակի մեջ եւ դառնում  ներարկման դեղ՝ պետք է ձեռք բերվի բացառապես դեղատոմսով: Կան բազմաթիվ դեղեր, որոնց օգտագործումն ունի հակացուցումներ եւ դրանք ամբուլատոր պայմաններում օգտագործել հնարավոր չէ, այդ դեղերը նույնպես դեղատոմսով վաճառվող ցանկի մեջ են:

Նախարարությունում ասում են, որ դեղատոմսը կարող է 6 ամսից 1 տարվա օգտագործման լինել՝ կախված հիվանդի վիճակից եւ բժիշկի որոշումից: Բժիշկների պատասխանատվությունը բարձրացնելու համար դեղատոմսի ձեւաթղթի վրա պարտադիր գրվելու է հիմնարկի անունը, հասցեն, հեռախոսի համարը, բժիշկի անուն-ազգանունը՝ անհատական որոշ տվյալներով:

Հանրությանը հուզող եւս մեկ պարզաբանում առողջապահության փոխնախարարի կողմից՝ արդյո՞ք հնարավոր է դեղատնից ձեռք բերել դեղ ոչ թե տուփով, այլ հատով: Այստեղ կա եւս մեկ նրբություն՝ ցանկացած դեղի ամբողջականությունը խախտելուց հետո եւ տուփից հանելուց հետո, նույնիսկ եթե դեղի ժամկետը 2 տարի է՝  նոր փաթեթավորմամբ պիտանելիության ժամկետը 6 ամսից ավելի չի կարող լինել:

Այս բոլոր կարգավորումներից զատ դեղերի հայկական շուկայում կա նաեւ մեկ այլ խնդիր, որը դեռ հնարավոր չի կանոնակարգել: Խոսքը չգրանցված դեղերի մասին է։ Ահազանգը հնչեցնում է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը. ռիսկային խմբի մեջ են մտնում հազվադեպ հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղերը, երբ այդ դեղի կարիքը կարող է տարեկան 3-4 անգամ լինել, բացատրում է Սամվել Զաքարյանը՝ նշելով. <<նման դեպքերում ընկերություններին ձեռնտու չէ Հայաստանում իրենց դեղամիջոցները գրանցելու համար մեծ գումարներ ծախսել>>:

Ի դեպ, եթե առողջապահության նախարարը պնդում է, որ օրենքով նոր կարգավորումները դեղերի թանկացման հիմք չեն, Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միության նախագահը հակադարձում է՝ գնային կարգավորումներն առնչվում է միայն պետգնմանը, իսկ մնացած գների վրա պետությունը չի կարող ներգործել, քանի որ բիզնեսին խառնվելու իրավասություն չունի:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button