ԿարևորՏնտեսական

Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ. կառավարությունը փորձում է բեկում մտցնել իրավիճակում

2017 թ. Հայաստանի տնտեսության համար ծանր տարի է լինելու, ինչը փաստում են նաեւ ոլորտի  պատասխանատուները։ Տարին սպասողական է նաև ներդրողների համար: 2016 էլ , մի շարք գործոններով պայմանավորված, բարենպաստ չէր:

 

Հայաստանի տնտեսությունը խեղդվում է, այն պետք է փրկել: Իսկ փրկելու համար, փորձագետների կարծիքով, ամենակարևորը  ֆինանսական ռեսուրսների ներգրավումն է, ավելի պարզ՝ ներդրումները:  Վերջին տարիներին սակայն Հայաստանում ներդրումները ոչ թե ավելանում են, ինչը կենսական անհրաժեշտություն է, այլ՝ նվազում:  Պատճառը նախ ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը անկայուն միջավայր ստեղծեց ներդրողների համար, ապա, ոլորտի պատասխանատուների կարծիքով, Հայաստանի  հիմնական գործընկեր երկրներում  տնտեսական աճի փոխարեն  բացասական սպասումներ են ձևավորվել:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը առանձնացրել է ներդրումների զուտ ներհոսքի ցուցանիշը՝ որքան ենք մենք ներդրումներ կատարում դրսում, որքան են դրանք կազմում Հայաստանում : Պատկերը մտահոգիչ է`ասում է։ «Բացասական ցուցանիշը կազմում է գրեթե  70 մլրդ դրամ: Հայաստանում ոչ թե ներդրումներ են անում, այլ՝  տանում են: Ամենաշատը ներդրումների զուտ հոսքերը՝ ՌԴ՝ 72 մլրդ,  Լիբանան՝ 14 մլրդ կարգի գումար է կազմում»։

Հայաստանում ներդրումներ են կատարել Միացյալ Թագավորությունը, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը: Ընդհանուր առմամբ՝ մենք ներդրումների արտահոսք ենք ունեցել՝ ընդհանրացնում է։ «Ընդհանուր համախառն ներդրումները մոտ 28 տարվա կտրվածքով մոտենում են արդեն վեց տրիլիոն դրամի: Մեր առաջին գործընկերը Ռուսաստանն է, երկրորդը՝ Գերմանիան, երրորդը՝ Ֆրանսիան»:

Թե ինչու են ներդրողները հեռանում Հայաստանից Վիլեն Խաչատրյանը դժվարանում է  ասել, կարծում է , որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին քննության ենթարկվի:

Ներդրումների մտահոգիչ պատկերի  հարցում  կառավարությունում ազնիվ են: Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանում է՝   նախընտրական տարին խանգարում է  տնտեսության ակտիվացմանը, ամենուր անորոշություն է, անգամ սեփական գույք գնելու հարցում։ «Բիզնեսմենները նույն կերպ, եթե  մենք ռեալ կարողանանք արդար միջավայր ստեղծենք և բիզնեսմենը հասկանա, որ ինքը  իր համար անսպասելի  զարգացումներ չի ունենա, խոչընդոտներ չի ունենա, գումար դնելու իր համարձակությունը կաշխուժանա»:

Հանձնարարականը հստակ է՝  անել հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի 2017թվականին  Հայաստան հնարավորինս շատ ներդրողներ գան: Ֆինանսների  նախարար Վարդան Արամյանը խոստովանում է.«Վերջին տարիները ցույց են տվել, որ կարևորագույն թույլ   կողմերից մեկը օտարերկրյա ներդրողներն են, որը գնալով նվազում են: Պետք է շրջենք այդ տենդենցը վերելքի ուղղությամբ»։

Ֆինանսական ոլորտի պատասխանատուն շրջման կետը համարում է  մակրոտնտեսական կայունության ապահովումը, վստահելի ու իրատեսական քաղաքականության իրականացումը:  Իսկ սրա առաջին քայլերից մեկը, ըստ Արամյանի, 2017թ. պետական բյուջեն է, որը վստահություն  կներշնչի  օտարերկրյա ներդրողներին:

Ընդամենը մի քանի ամիս առաջ հայտարարվեց, որ «Սիթի Փարքինգ սերվիս» ընկերության 100 տոկոս բաժնեմասն անցնում է պետությանը: Արդյո՞ք  սա  ռիսկ չէ ներդրողների համար: Նրանք կարող են այստեղ ներդրումներ անել, բիզնես կայացնել ու « կանգնել  կոտրած  տաշտակի»   առջև:   Ֆինանսների նախարարը  ռիսկը տեսնում է, սակայն վստահեցնում է՝ զգուշավոր են եղել, հատկապես  օտարերկրյա ներդրողներին բացասական ազդակ  հաղորդելու հարցում:

Որքան էլ ջանքեր գործադրվեն, միևնույնն է՝ 2017թ. դժվարություններն  ակնհայտ են լինելու՝ փաստում են փորձագետները:

Ցուցադրել ավելի
Back to top button