Տնտեսական

Գյուղոլորտում պետական սուբսիդավորման ծրագրերն արդյունավետ չեն՝ ցույց է տվել հետազոտությունը

Գյուղացիական տնտեսությունների պետական սուբսիդավորման ծրագրերի ուսումնասիրությունները ցույց են  տալիս, որ դրանք բավականաչափ անարդյունավետ են թե՛ իրենց ընդգրկման առումով, թե՛ ռեսուրսների ծախսման տեսանկյունից: Այս եզրակացության հանգել են Օքսֆամի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման զեկույցների հեղինակները։

 

Արագածոտնի մարզի  Արագած գյուղի բնակիչ Արծրուն Երանոսյանի բազմանդամ ընտանիքի բոլոր անդամներն ապրում են ՌԴ- ում, բայց նա չի պատրաստվում գնալ որդիների մոտ: Ասում է, որ մեկ օր էլ  չի կարող ապրել առանց իր հող ու ջրի։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատմում է՝ հողը է մշակում, կարտոֆիլ ու կաղամբ աճեցնում: Բայց ամեն տարի կանգնում է ապրանքը իրացնելու խնդրի առաջ:  Կարտոֆիլի ինքնարժեքը բարձր է լինում, իսկ այս տարի այն  վաճառվեց շատ ցածր գնով՝ մոտ 90 դրամ. Ասում  է  ինքնարժեքը բարձր է, քանի որ բարձր գին ունեն թունաքիմիկատներն ու պարարտանյութերը։

Ի դեպ՝ Արծրուն Երանոսյանը միակ չէ, որ դժգոհում է  պարարտանյութերի  բարձր գնից: Օքսֆամը և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը հրապարակեցին «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները, ըստ որի՝ գյուղացիներին 35 տոկոսով էժան գնով պարարտանյութ տրամադրելու հնարավորություններ եղել են, քանի որ,    ուսումնասիրությունների համաձայն, պարարտանյութը հարևան Վրաստանի շուկայում մոտ 2 անգամ էժան է, իսկ Հայաստանը ազոտական պարարտանյութը՝ սիլիտրան, ներմուծում է հենց Վրաստանից.

Հիշեցենք, որ ՏՄՊՊՀ- ն  նույնպես հրապարակել էր  եզրակացություն,  ըստ որի՝ եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով եւ թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ։

Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշում է, որ հանդես են գալու  առաջարկով։ «Եթե տեղական արտադրություն լինի, ապա կապահովվի նաև որակը»:

Այն, որ պարարտանյութերի հարցը օրակարգային է ու կան թերացումներ, չի ժխտում նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Բայց շեշտում է, որ նախարարությունն ունի համապատասխան հանձնարարություն՝ վերանայելու ծրագրի շարունակման և սուբսիդավորման մեխանիզմները, որպեսզի հետագայում նախկինում տեղ գտած թերացումները չկրկնվեն:  «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչու այդ հարցում պետությունը Վանաձոր Քիմպրոմի ռեսուրսը չի օգտագործում՝ տեղական պարարտանյութ արտադրելու համար, փոխնախարարը նշեց. «Անձամբ երկու ձեռքով եմ կողմ, որպեսզի ՀՀ-ում ընդհանրապես արդյունաբերությունը զարգանա ու առավել ևս Վանաձորի Քիմպրոմը, քանի որ այդպիսով կլուծվեն աշխատատեղերի խնդիրներ, սոցիալական իրավիճակը կբարելավվի»:

Մեկ այլ ուսումնասիրություն էլ իրականացվել է «Գյուղական խորհրդատվական ծառայություններ»- ի ոլորտում։ Այսինքն՝ որքանով են արդյունավետ գործում  գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնները. Ուսումնասիրության համաձայն՝ նրանց աշխատանքը արդյունավետ չի եղել, քանի որ գործունեությանը տեղյակ են գյուղացիական տնտեսությունների միայն 25 տոկոսը, իսկ մյուսները հետաքրքրված չեն։ «Ցանկալի կլիներ, որպեսզի ԳԱՄԿ-երը ավելի կոմպլեքս ծառայություն մատուցեն, չլինեն մեկժամյա խորհրդատվություններ, այլ փաթեթ ներկայացվի՝ ըստ կարիքի ու պահանջարկի: Ըստ կարիքի՝ նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, իսկ ըստ պահանջարկի լինեն վճարովի ծառայություններ»,-  ասում է Օքսֆամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մարգարիտա Հակոբյանին։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ  Հայկարամ Մարտիրոսյանը նշում է, որ շատ հաճախ ԳԱՄԿ-ի աշխատակիցները   չեն կարողանում իրենց օգնել:

Ի դեպ՝  գյուղացիների դժգոհությունը փոխանցեցինք նաև գյուղատնտեսություն փոխնախարար Աշոտ Հարությունյանին՝ նշելով, որ ԳԱՄԿ աշխատակիցները  ոչ միշտ  են հանդիպում գյուղացիների հետ, երբեմն էլ տված խորհրդատվությունները  լինում են ոչ արդյունավետ։ Փոխնախարարը «Ռադիոլուրի» այս դիտարկման հետ չհամաձայնեց։

Back to top button