Քաղաքական

ԱԳ նախարարն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությունը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի՝ ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։

Նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև տարբեր ձևաչափերում հաստատված սերտ դաշնակցային փոխգործակցության շարունակական ամրապնդումը և այս առումով արժևորեց միջխորհրդարանական համագործակցությունը:

Պետդումայի պատգամավորներն ընդգծել են, որ իրենց այցելությունը խորհրդանշական է, քանի որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո սա հանձնաժողովի առաջին օտարերկրյա այցելությունն է։

Երկուստեք շեշտվել է Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովը ներկայացրել է նոր գումարման Պետական դումայի և ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աշխատանքները, Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ Երևանում կայացած համատեղ նիստի արդյունքները:

Անդրադարձ է կատարվել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հյուրերին ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը:

Back to top button