Հասարակություն

Հայաստանում գործազուրկ է շուրջ 80 հազար մարդ


2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված է 95 հազար 8 հարյուր  աշխատանք փնտրող: Նրանցից 80 հազար 8 հարյուրը` շուրջ 84.4 տոկոսը, գործազուրկ է։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6 տոկոսով:

 

Այս տարի առաջխաղացում կա զբաղվածության ոլորտի ծրագրերի և տեղավորումների քանակով՝ վստահեցրեց մեր երկրի զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Նա պարզաբանեց նաեւ արձանագրված ցուցանիշերի աճի միտումը: Այն պայմանավորված է նաեւ որդեգրված ակտիվ քաղաքականությամբ.

«Այս ցուցանիշների աճը բացատրում եմ զբաղվածության ակտիվ ծրագրերի բազմազանությամբ և այն հանգամանքով, որ վերջիններում ավելի շատ մարդ է ընդգրկվել: Այդ ծրագրերում հիմնական պայմաններից մեկը տարածքային կենտրոններում հաշվառված լինելն է»:

Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը կազմում է 73 հազար 980 անձ կամ 91.6 տոկոս՝ փոխանցեց զբաղվածության պետական գործակալության ղեկավարը: Արտակ Մանգասարյանի խոսքով՝ գրանցված գործազուրկների ընդհանուր թվի մեջ երիտասարդների թվաքանակը կազմում է  23.6 տոկոսը կամ 19 հազար հարյուր մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6 տոկոս են կամ 2 հազար 9 հարյուր մարդ:

«Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը դեկտեմբերի 12-ի դրությամբ կազմում է 13 հազար մարդ, որն աշխատանք փնտրողների 13.6 տոկոսն է: Նրանցից 1038-ը հաշմանդամություն ունեցող անձինք են»:

Զբաղվածության պետական գործակալության պատասխանատուն նաեւ վստահեցրեց, որ ծրագրերում ընդգրկվածների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17 տոկոսով: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 15 հազար 592 աշխատանք փնտրող, որոնցից 7 հազար 927-ն ապահովվել են սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով՝ 3 հազար 508 երիտասարդ եւ 977 հաշմանդամություն ունեցող անձ: Արտակ Մանգասարյանը նաեւ վստահեցրեց, որ նախորդ տարվա համեմատ աշխատանքի տեղավորվածների թվաքանակն աճել է 5.1 տոկոսով: Նա ներկայացրեց նաեւ ամենաշատ պահանջված մասնագիտությունները՝ շեշտելով, որ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագիտություններ ունեցողների եւ դասավանդողների առաջարկ: Մանրամասն ներկայացնելով գործակալության իրականացրած ծրագրերը, որոնք բազմազան են, Արտակ Մանգասարյանը նշեց նաեւ, որ գործակալությունն իր աշխատանքների եւ ծրագրերի իրականացման շրջանակներում համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ:

Back to top button