Հասարակություն

Անօթևանին կհատկացվի ֆիննական տնակ 900 հազ դրամ արժողությամբ

satikisahakyan
Ապրիլի 26-ից մինչև այսօր Արմավիր քաղաքի հրապարակի մերձակա այգում հանգրվանել  է անօթևան Արևիկ Հակոբյանը: Ութ ամիս նա չունի կեցության վայր և ապրում է բաց երկնքի տակ: Ռադիոլուրը մայիս ամսին անդրադարձել է անօթևանի բարձրացրած խնդիրներին: Արևիկ Հակոբյանը Արմավիրի քաղաքապետարանից խնդրում է իրեն հատկացնել հողամաս՝ տնակով: Ութ ամիս անց Արմավիրի քաղաքապետարանը որոշել է գնել ֆիննական տնակ և անհատույց  հատկացնել անօթևանին:

 

 

Արդեն ութ ամիս բարենպաստ ու անբարենպաստ եղանակին, բաց երկնքի տակ,  օր ու գիշեր է անցկացնում 57-ամյա Արևիկ Հակոբյանը: Չունենալով ապրելու տեղ և ապաստան նա ունեցած իրերով հայտնվել է Արմավիրի մարզպետարանի և քաղաքապետարանի դիմացի այգում: Քաղաքային իշխանությունները մի քանի անգամ ականջալուր են եղել նրա խնդրանքին, կացարանի տարբեր առաջարկներ ներկայացրել, որոնց Արևիկը մերժել է և  անդրդվելի մնացել իր պահանջին՝ հատկացնել հողամաս և տնակ, որտեղ նա կապրի, իսկ հողմասը կմշակի ու ապրուստ կստեղծի:  Անօթևանը նախկինում աշխատել է Արմավիրի բարեկարգում տնօրինությունում, աշխատանքից ազատվել է երկարատև բացակայելու պատճառով: Ասում է, որ չի կարող իրերը թողնել այգում և բացակայել, քանի որ դրանք  վնասում են ու գողանում:

«Ջերմություն ունեի, մի օր մնացի ընկերուհուս տանը, վերմակս ու վառարանս գողացել են»:

Արևիկ Հակոբյանը -13 աստիճան ցրտից ու քամուց պատսպարվում է  պոլիէթիլենային թաղանթով ծածկած երկաթե մահճակալի վրա:  Իմ այցի ընթացքում Արևիկ Հակոբյանը դարձյալ  ջերմում էր և ցրտից կուչ էր եկել  իր մահճակալին: Ասաց, որ արդեն 3 օր քաղցած է գիշերում:

«Ոչ մի բան չունեմ, մի քիչ կարտոշկա ունեմ, ցուրտը տարելա, մի քանի հատ խաշեցի կերա, պառկեցի, դուք եկաք: Մի քանի բանկա ունեմ զակատած, ես եմ արել ամռանը, դրանք էլ են սառել: Լացս գալիսա, էլ չեմ դիմանում, ամառ չի, որ ասեմ, ոչինչ, տաքա, շատ ցուրտա, հիվանդ եմ»:

Արմավիրի քաղաքապետարանը նոյեմբերի 25-ի  ավագանու նիստին անդրադարձել էր Արևիկ Հակոբյանի կարգավիճակին և որոշել  ֆիննական տնակ ձեռք բերել ու անհատույց  հատկացնել անօթևանին: Հարցը բարձրացվեց նաև դեկտեմբերի 8-ի ավագանու նիստին, խնդրի լուծումը ձգձգվում է փաստաթղթային ձևակերպումների պատճառով,   որին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ավելի խիստ ձևակերպում տվեց՝ արագացրել, չհասկացա, էդ մարդը հո չի մահանալու այգում, արագացրեք:

Արևիկը տեղյակ էր ֆիննական տնակի ձեռք բերման մասին, ինքն էր տեսել և խնդրել քաղաքապետին օգնել գնել տնակը: Անօթևանն արդեն երկու ամիս սպասում է այդ օրվան, սակայն հույսը կտրել է: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը վստահեցրեց, որ մոտ օրերս հարցը կլուծվի: Ֆիննական տնակը մեկ սենյականոց է, մոտ 900 հազար դրամ արժողությամբ:

«Տեսել ա, հավանալ ա, հիմա մյուս նիստով տարածքը կհատկացնենք, հոսանքը կքաշենք, կտանք, թող գնա ապրի: Վերջիվերջո հասկանալ է, մեր հայրենակիցն է»:

Արևիկ Հակոբյանն Արմավիրի մարզի Երասխահուն գյուղից է և 17 տարի ապրում է Արմավիրում՝ վարձակալությամբ, իսկ  2013 թվականից հաշվառված է Արմավիր քաղաքում,  անօթևան է դարձել բնակարանի վարձը վճարել չկարողանալու պատճառով:

Ցրտաշունչ ձմռանը ջերմող Արևի Հակոբյանը դեռ մնում է այգում:

Back to top button