Քաղաքական

ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումները

Նոյեմբերի 22-24-ը Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի, 9-րդ լիագումար, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերը: ՀՀ ԱԺ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակության կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Բոթոյանը: Բոլոր միջոցառումներին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ Խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը:

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր Փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր, ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, համաձայնագրեր, ինչպես նաեւ 2016թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եւ մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ ընթացիկ գործունեության արդյունքների մասին հարցը: Նիստի ընթացքում Խոսրով Հարությունյանն առաջարկել է մշակել քննարկվող փաստաթղթերի կիրարկման մեխանիզմներ:

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նիստի սկզբում` մինչ օրակարգի հաստատումը, հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հանձնաժողովի անդամներին առաջարկել է ընդունել հայաստանյան պատվիրակության առաջարկը եւ օրակարգից հանել Պակիստանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովին` ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Իր դիրքորոշումը պարոն Հարությունյանը հիմնավորել է այն հանգամանքով, որ դիտորդի ինստիտուտի իմաստը կայանում է նրանում, որ այն հնարավորություն է ընձեռում ՀԱՊԿ ԽՎ-ին հաստատել միջխորհրդարանական համագործակցություն այն երկրների խորհրդարանների հետ, որոնք, չլինելով ՀԱՊԿ անդամ, իրենց արտաքին քաղաքականությամբ եւ միջպետական հարաբերություններով ոչ միայն նպաստում են ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության մակարդակի բարձրացմանը, անվտանգության նոր մարտահրավերների չձեւավորմանը, այլեւ առկա արտաքին ռազմական սպառնալիքների չեզոքացմանը: Նրա խոսքով` Պակիստանի Իսլամական Հանրապետությունն անթաքույց աջակցում է ղարաբաղյան կոնֆլիկտը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի քաղաքականությանը` դրանով իսկ նպաստելով ոչ միայն Հայաստանի, այլեւ կոլեկտիվ անվտանգության արտաքին ռազմական սպառնալիքների ձեւավորմանը: Պակիստանը Թուրքիայից բացի միակ պետությունն էր, որը հրապարակավ պաշտպանել է Ադրբեջանի ապրիլյան ռազմական ագրեսիան: Ուստի հայկական պատվիրակությունը դեմ է այդ երկրի խորհրդարանին դիտորդի կարգավիճակ տալուն: Հանձնաժողովը համաձայնել է նախագահի առաջարկին, եւ հարցը հանվել է քննարկման օրակարգից:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել ՀԱՊԿ ԽՎ գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր, այդ թվում` հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Խոսրով Հարությունյանը: Նիստում քննարկվել են 2016թ. հոկտեմբերին Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքների, 2016թ. ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության արդյունքների, ՀԱՊԿ անվտանգության Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական մշտադիտարկման արդյունքների մասին հարցերը:

Քննարկման ընթացքում Խոսրով Հարությունյանը նաեւ առաջարկել է հետագայում մշակել մեխանիզմ` իրավական ակտերի կիրարկման եւ ռազմա-քաղաքական խորհրդարանական մշտադիտարկման արդյունքներն ամրագրելու վերաբերյալ:

Նույն օրը տեղի է ունեցել Սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել է ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը: Նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր` 2016թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքների մասին, Էներգետիկ անվտանգության մասին, արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնության տրամադրելու միջազգային ստանդարտների մասին, ինչպես նաեւ կազմակերպչական հարցերը:

Հաջորդ օրը` նոյեմբերի 24-ին, Տավրիդյան պալատում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կարեն Բոթոյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր: ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ է ընտրվել ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ընդգրկված է եղել նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. հոկտեմբերին կայացած նիստի արդյունքների, ինչպես նաեւ ՀԱՊԿ անվտանգության գոտիներում իրավիճակի, մարտահրավերներին եւ սպառնալիքների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ ընթացիկ գործունեության արդյունքների մասին հարցը, որը զեկուցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս հարցի շուրջ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Նա իր ելույթում դարձյալ շեշտել է, որ հավաքական անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ այլատյացության եւ ահաբեկչության դեմ պայքարը մեր քաղաքական օրակարգի բացառիկ հարցերից են:

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում քննարկվել է նաեւ ՌԴ Դաշնային ժողովի 7-րդ գումարման Պետական դումայի ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ միջազգային դիտորդական առաքելության պատվիրակության մասնակցության մասին հարցը, որը հանգամանալից ներկայացրել է դիտորդական խմբի համակարգող, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նույն օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ 9-րդ լիագումար նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Լիագումար նիստում քննարկվել եւ ընդունվել են բազմաթիվ իրավական փաստաթղթեր, ինչպես նաեւ քննարկվել է ՀԱՊԿ ԽՎ պարգեւներով եւ պատվոգրերով պարգեւատրման մասին հարցը:

Back to top button