Հասարակություն

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մադագասկարի իր գործընկերոջ հետ

Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպել է ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլայի հետ:

Նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշել է, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երևանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական է համարել, որ հենց Երևանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։

Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծել են դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվելէ փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները:

Էդվարդ Նալբանդյանը և Բեատրիս Աթալլան քննարկել են Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաև գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժևորել են միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը:

Նախարարներ Նալբանդյանը և Աթալլան մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Back to top button