Հասարակություն

Պրոբացիոն ծառայության շնորհիվ 30 տոկոսով կկրճատվի կալանավորների թիվը

lusinevasilyan

Սեպտեմբերից  սկսել է գործել պրոբացիոն նոր ծառայությունը: Երկար քննարկված ինստիտուտի  ներդրմամբ  արդարադատության ոլորտում էական փոփոխություններ են ակնկալում:  Սպասվում է, որ   ծառայության գործարկման արդյունքում մոտ 30 տոկոսով կկրճատվի քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը, էականորեն կնվազեն պետության ծախսերը: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր քննարկել են նորաստեղծ ինստիտուտի ներդրման խնդիրներն ու զարգացման հեռանկարները:

 

probationՆորաստեղծ պրոբացիայի ծառայությունը սեպտեմբերից  գործում է քրեակատարողական հիմնարկների վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա՝ որպես  արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում:  Ծառայությունն ունի պետ, տեղակալներ և մարզային ստորաբաժանումներ , աշխատակիցները  ոչ թե զինծառայողներ, այլ՝ քաղաքացիական ծառայողներ են: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով ՝ սեպտեմբերից երկար քննարկված ինստիտուտը    պաշտոնապես գործարկված է:

Ներդնել վերականգնողական արդարադատության համակարգ, նվազեցնել քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը, նպաստել իրավախախտ անձանց վերաինտեգրմանը  հասարակություն կամ սոցիալականացմանը՝ սրանք են այն հիմնական նպատակները, որոնք հետապնդում են ոլորտի պատասխանատուները համակարգի ներդրմամբ:

Պրոբացիան ազատազրկման այլընտրանք է այն իրավախախտների համար, որոնք հասարակության անվտանգության համար պակաս ռիսկային են: Պատկերավոր ձևակերպմամբ՝ անազատություն ազատության մեջ, որի հսկողությունը պետք է իրականացնի պրոբացիոն ծառայությունը: Մասնագետների կարծիքով՝  պրոբացիան թույլ  կտա  փոխել մեր արդարադատության բնույթը՝ պատժողականից  շրջվելով դեպք  վերականգնողական:  «Շատ է խոսվում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում եւ ըստ այդմ, պետության քաղաքականությունն այն է, որ մենք նոր խափանման միջոցներ ենք մտցնում՝ տնային կալանք, վարչական հսկողություն: Պրոբացիան ապահովելու է այդ խափանման միջոցների իրագործումը»:

Ծառայությունն ամբողջ ծավալով կգործի, երբ ընդունվեն քրեական ու քրեադատավարական նոր  օրենսգրքերը, որոնցով այլընտրանքային պատիժների նոր տեսակներ, խափանման նոր միջոցներ կսահմանվեն:  Դրանցից մեկը, ի դեպ, կլինի էլեկտրոնային հսկողությունը: «Սա նշանակում է՝ համապատասխան անձի ոտքին ամրացվելու է համապատասխան սարքավորում, որը հսկելու է նրա գտնվելու վայրը: Տնային կալանքի դեպքում՝ տնից որոշակի շառավղով հեռավորության վրա, իսկ եթե վարչական վերահսկողություն է, հսկելու է նրա շարժը»:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝  սպասվում է, որ պրոբացիոն ծառայության ամբողջական գործարկման արդյունքում մոտ  30 տոկոսով կկրճատվի  ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց թիվը: Ակնկալվում է, որ   պրոբացիայի ծառայության ներդրումը արդյունավետ կլինի  նաեւ տնտեսապես, քանի որ էականորեն կկրճատվեն  պետության կողմից կատարվող ծախսերը:

Մեր երկրում քրեակատարողական հիմնարկում յուրաքանչյուր դատապարտյալի կեցությունն ապահովելու համար բյուջեից օրական մոտ  6000 դրամ է  ծախսվում: Քրեակատարողական հիմնարկներում այսօր շուրջ  4000 դատապարտյալ կա, իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ օրական ծախսվող գումարը անցնում է 24 մլն դրամի սահմանը: Ըստ նախնական հաշվարկների՝ պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող իրավախախտի վրա պետությունը տասն անգամ պակաս գումար կծախսի:

Back to top button