Հասարակություն

«Արցախի քարտեզագիրքը»՝ օտարերկրյա աղբյուրների վկայակոչումներով

lenabadeyan

Այսօր հանրությանը ներկայացվել է <<Արցախի քարտեզագիրք>> աշխատությունը, որը բացառիկ է թե ներկայացված նյութերով, թե աղբյուրներով, թե թիրախավորմամբ: Գրքի հեղինակները նշում են, որ աշխատությունը օգտակար կլինի նաեւ  Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվողների համար: Քարտեզագիրքը հնարավոր է եղել ստեղծել ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհով։ Այժմ ունենք եւս մեկ ընդ որում, օտարազգի գործիչների հրապարակումներով փաստարկված պատմական ապացույցներ՝ մեր ճշմարտությունը ներկայացնելու համար:   

 

mhm0110054-copyՏարեցտարի չենք դադարում պնդել, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում տանուլ ենք տալիս՝ անհրաժեշտ տեղեկատվական նյութերի բացակայության պատճառով: Այս ուղղությամբ ստեղծվել է մի <<զենք>>, որի հեղինակներն այսօր ազդարարեցին՝ <<կարող եք արդեն կիրառել եւ օգտագործել>>: Խոսքն ուղղված է թե պատմությանը նոր ծանոթացող երիտասարդներին, թե միջազգային ասպարեզում՝ հատկապես Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվողներին: Աշխատությունն օգտակար կլինի նույնիսկ դիվանագետների եւ պատգամավորների համար՝ մեր ճշմարտությունը <<դրսում>>՝ օտար հանրությանը ներկայացնելու նպատակով՝ ասում են աշխատության հեղինակները:

<<Արցախի քարտեզագիրքը>> ստեղծվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի եւ <<Հոգու պարտք>> ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանի ջանքերով: Բացառիկ այս աշխատությունը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, կա նաեւ էլեկտրոնային տարբերակը:

Աշխատանքն սկսվում է համառոտ ակնարկից՝ մի քանի պարբերությամբ ներկայացնելով Արցախի պատմությունը: Մնացածն արվում է քարտեզների օգնությամբ՝ ասում է Շողինե Հովհաննիսյանը:

Քարտեզներում ոչ միայն ներկայացված են հայկական գրչօջախների, դպրոցների, հուշարձանների վայրերը, այլեւ ասենք՝ ձեռագրի ստեղծման կամ դպրոցների բացման տարեթվերը: Քարտեզագիրքը բացառիկ է նաեւ նրանով, որ հեղինակները նախապատվությունը տվել են օտարազգի գործիչների հրապարակումներին:

Մի քանի հետաքրքիր օրինակ է ներկայացնում Սամվել Կարապետյանը:  «Մենք՝ հայերս, նույնիսկ շատ հաճախ շրջանառում ենք Ղարաբաղ խոսքը, բայց, օրինակ՝ 1865 թվականին Կարլ ֆոն Սպրուների կազմած քարտեզում գրված է Արցախ: Այսինքն՝ դեռ 19 դարում Արցախը օտարազգիներին ճանաչելի է եղել: Ինչո՞ւ ենք մենք հիմա նահանջել եւ հանիրավի նախապատվությունը տվել ենք Ղարաբաղին: Օրինակ՝ Արցախի ֆիզիկական քարտեզի համար հիմք ընդունել ենք խորհրդային ռազմական շտաբի քարտեզները: Շատ հետաքրքիր է, կարծում եմ, 1914 թվականի հունվարի 1-ի մարդահամարի տվյալներով՝ ցարական վիճակագրության համաձայն, Արցախի ազգաբաշխական քարտեզը: Այս քարտեզում գույներով եւ բնակավայրերն ըստ օղակների՝ մեծից փոքր չափերով, ցույց է տված Արցախի բոլոր բնակավայրերը 1914 թվականի դրությամբ: Այս քարտեզում է, որ դուք կտեսնեք հայաբնակ գյուղեր, որ արդեն խորհրդային առաջին տարիներին դրանք գոյություն չունեին: Վերացան Մուսավաթ կառավարության ավազակային հարձակումների տարիներին»:

Հուշարձանագետը նշում է, որ քարտեզագիրքը ստեղծելու ժամանակ փորձել են նաեւ թարմ տեղեկություններ ստանալ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի հյուսիսային հատվածում գտնվող հայկական հուշարձանների վիճակի վերաբերյալ: Հայերը, իհարկե, այնտեղ մուտքի իրավունք չունեն, բայց երբեմն այդ գործում օգնում են օտարազգի գործիչները:

Այդպես եղել է <<Նախիջեւանի քարտեզագրքի>> դեպքում, երբ երկու շաբաթվա վիզա ունեցող շվեյցարացի պատգամավորին երեք օր հետո վտարեցին Ադրբեջանից՝ հասկանալով, որ նա ուշադրություն է դարձնում հատկապես հայկական հուշարձաններին: Արցախի հարցում օգնում է ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող մի հաղորդաշար, որտեղ ներկայացվում են մեզ հետաքրքրող հուշարձանները: Այդպես են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում շինությունները եւ, Սամվել Կարապետյանի ներկայացմամբ, <<նաեւ այդ տարբերակով պետք է կարողանանք օգտվել մեր հարեւանների անփութությունից>>:

Back to top button