ԿարևորՏնտեսական

Ունենք հարևան մեծ շուկա. վարչապետը ուշադրություն է հրավիրում իրանական շուկայի վրա (լրացված)

տեղադրվել է ժամը 11։21- ին
վերջին լրացումը՝ ժամը 17։09- ին

hasmikdilanyan

Հանձնարարականներ ու անդրադարձ հանրությանը հուզող խնդիրներին. կառավարության այսօրվա նիստում էլ ավանդույթը չի խախտվել: Կառավարության գրեթե բոլոր անդամները  վարչապետ Կարեն Կարապետյանից  հանձնարարականներ են  ստացել,  շարունակվել է նաև ՊՈԱԿ- ների օպտիմալացումն ու լուծարումը: Կառավարությունն այսօր  հաստատել է  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հաստատումից հետո 2017թ  հուլիսի 1- ից ապօրինի հարստացումը կքրեականացվի:

 

Տեսուչ- տնտեսվարող սուբյեկտը  պետք է   համագործակցեն,  տեսուչն էլ պետք   դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ՝  աջակցող: «Արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում»,- կառավարության նիստի սկզբում նախարարներին հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Համագործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ: Վարչապետի խոսքով,   տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող:  Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Նախ, տնտեսվարողին  բացթողումները լրացնելու  ժամանակ կտրվի, հետո միայն կկիրառվի օրենքի նորմը՝ ասում է վարչապետը։

Ներդրումային ծրագրերն այսուհետ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություն կարող են  ներկայացվել արդեն ստեղծված միասնական հարթակի միջոցով: Մանրամասներն արդեն տեղադրված են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում։

Վարչապետը   մարզպետներին ու գործադիր մարմինների ղեկավարներին   հանձնարարեց մեկ ամսում ներկայացնել առկա պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերը, հստակեցրեց՝  սա չի նշանակում, որ մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր  չպետք է ներկայացվի: Ներդրումային ծրագրեր նաև Երևանի քաղաքապետը , Առևտրաարդյունաբերական պալատի ու Գործարարների միության նախագահները կներկայացնեն:

Ծրագրերից իրատեսականները  տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարը կներկայացնի օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին ու  պոտենցիալ ներդրողներին։

Իրանի հետ առևտրային հարաբերությունները  սերտացնելն ու դյուրացված կարգով  Իրանի շուկա մուտք գործելը կրկին կառավարության ուշադրության կենտրոնում է:  Խնդիրները կլուծվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի  միջոցով: Օրակարգում է նաև    Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունների հարցը :  Դրանք կառավարության ղեկավարին կներկայացվեն մինչև դեկտեմբերի 25-ը:

«Ունենք հարևան մեծ շուկա, այդ շուկան ունի մեծ պահանջարկ, այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Ելնելով դրանից, միշտ շուկան և սպառողն են թելադրում, թե ինչ  ձևի, ինչ որակի, ինչ հայտանիշների պետք է մեր արտադրանքը համապատասխանի։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, եթե մենք պետք է այստեղ էֆեկտիվ աշխատենք՝ կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին, մեծ մասշտաբները զբաղեցնել»,- նշեց վարչապետը։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օրերս ընդունած որոշումը նույնպես կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Հիշեցնենք՝  օրերս « Երևանի  Գարեջուր»  ընկերությունը   գերիշխող դիրքի չարաշահման համար  տուգանվել է  110 միլիոն դրամով:

Կառավարության ղեկավարի  խոսքով՝ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա, ըստ նրա, չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից:     «Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն:

Վերը նշվածը  վարչապետի այսօրվա  հանձնարարականներն էին։

Այժմ նախորդներից մի քանիսի մասին։ Նոյեմբերի  3-ին  Կարեն Կարապետյանն արդարադատության նախարարին հանձնարարել էր երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերող նախագիծ ներկայացնել:  Օրինագիծն արդեն պատրաստ է եւ Արփինե Հովհաննիսյանն այսօր ներկայացրեց այն։

Ընտանիքում ծնված առաջին եւ երկրորդ երեխաների համար սահմանված միանվագ նպաստը ստանալու համար էլ այսուհետ հնարավոր կլինի առցանց դիմել:

Օպտիմալացումն ու կրճատումները շարունակվում են , լուծարվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կստեղծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Կտնտեսվի շուրջ 50 մլն դրամ: Կդադարեցվի նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, որը 2011-ին էր ստեղծվել:   Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ձեռնպահ մնաց  տնտեսման գումարները նշելուց, միայն ասաց, որ եթե մնան ներկայիս գործառույթները, կտնտեսվի մոտ 60 մլն դրամ։ Կմիավորվեն նաեւ վեց  մարզադպրոցներ, որի արդյունքում եւս գումարներ կտնտեսվեն:

Վարչապետն այսօր կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարեց  պարզել՝ արդյո՞ք  պետական գերատեսչություններում օգտագործում են էներգախնայող համակարգեր:

Back to top button