ԿարևորՔաղաքական

Հնարավոր է «1000 դրամ» վճարը դառնա կամավոր. ԱԺ ճեպազրույցներում

lenabadeyan

Հնարավորություն կա, որ 1000 դրամ զինծառայողների հիմնադրամին փոխանցելու մասին պարտադիր վճարը դառնա կամավոր՝ ԱԺ- ում ճեպազրույցների ժամանակ այսօր հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:  Իշխող մեծամասնության ղեկավարը նշեց, որ նախագիծը առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հնարավոր է փոխվի՝ պարտադիր բաղադրիչը դառնա կամավոր: «Ստիպողաբար ոչինչ չի կարելի անել: Կա նման առաջարկություն, քննարկվում է: Դա վատ տարբերակ չէ, եթե գրավոր մարդը հրաժարվի, հնարավոր է՝ չվճարի»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Խորհրդարանական ճեպազրույցների երկրորդ կարեւոր թեման 2017 թվականի բյուջեի նախագիծն է: ԱԺ 6 խմբակցությունից երեքն արդեն գրեթե կողմնորոշվել է, թե ինչպես է քվեարկելու այս փաստաթղթի շուրջ:

«Օրինաց երկիր» խմբակցության անդամները, ըստ Հովհաննես Մարգարյանի, հակված չեն «կողմ» քվեարկել: Պատգամավորն ասում է, որ կառավարության ծրագրի եւ հաջորդ տարվա բյուջեի միջեւ «սար ու ձորի» տարբերություն է:

Փաստաթղթին դեմ է նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Արամ Մանուկյանի ներկայացմամբ՝ բյուջեն չի կարող երաշխավորել կառավարության ծրագրի իրականացումը: Ավելին՝ վկայակոչում է, որ հարկային հավաքագրումների 0.3 տոկոսի աճը վկայում է, որ 40 տոկոսանոց «ստվերի» դեմ որեւէ պայքար այս կառավարությունը չի տանելու: «Այս կառավարությանն էլ, ինչպես նախորդներին, ըստ էության, արգելվել է ուղղել նախորդների սխալները»,- հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության կուսակցական անդամները նույնպես արդեն որոշում ունեն, որ այս հարցով չեն մասնակցելու քվեարկության: Որոշումը լրագրողներին փոխանցել է Վահե Էնֆիաջյանը:

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից

Back to top button