Հասարակություն

Այսուհետ առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով.Կարեն Կարապետյան

hasmikdilanyan
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում  հանձնարարեց ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում նոր ստեղծված Տեսչական մարմնի կողմից, առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող:

Հանձնարարականը վերաբերում էր Արդարադատության, Ֆինանսների, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

«Յուրաքանչյուրն իր մասով ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում՝ նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվի տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ  համագործակցության սկզբունքով, որի արդյունքում տեսուչն առավելապես պետք է դիտարկվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող, պետք է խորհրդատվություն և կանխարգելիչ միջոցառումներ առաջարկել, խրախուսել և օգնել տնտեսվարող սուբյեկտին իր գործունեությունը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու հարցում»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝  համագործակցության ձևավորման համար պետք է մշակել և ներդնել հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ:

Ըստ վարչապետի՝  տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող և այլն:

«Առաջին այցերը պետք է կազմակերպեն մեր տեսչական մարմինները: Ինչի ենք հատուկ հնչեցնում, որպեսզի պոտենցիալ ստուգողները լսեն, լինելու է առաջարկություն՝ ինչ պետք է իրենք անեն, որպեսզի համապատասխանեն այն նորմերին, որոնք դրված են: Իրենց՝ տնտեսվարողներին, տրվում է ժամկետ, որպեսզի իրենք իրենց բացթողումները լրացնեն, եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Back to top button