Տնտեսական

Օպտիմալացում՝ ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում.Ֆինանսների նախարարը լուծարման հետևանքներն է կանխատեսել

hasmikdilanyan
ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի կրճատում. հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծ, տնտեսական աճի կանխատեսումներ, ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթով առևտրի շուրջ բանակցություններ… Երկու օր շարունակ հանրապետության գլխավոր ֆինանսիստին ուղղված  լրագրողների հարցերը չէին ավարտվում:   Հանգստյան օրերին Ծաղկաձորում ֆինանսների նախարարությունը կլոր սեղանի շուրջ քննարկում էր կազմակերպել  ԶԼՄ ներկայացուցիչների համար: Այստեղ է, որ Վարդան Արամյանն անդրադառնալով  Հայաստանի պարտքի ռեստրուկտուրիզացիայի՝ վերակազմակերպման խնդրին, հայտարարել է, որ  Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում, ուստի և նման տրամաբանությունը արդարացված չէ:

 

Կրճատումներ, լուծարում, օպտիմալացում, նոր կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում, թե որքան գումար կտնտեսվի, դեռ պարզ չէ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով, առայժմ կարող է միայն իր գերատեսչության վերահսկողության տակ գտնվող ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի լուծարման հաշվարկների կանխատեսումները  ներկայացնել: Կարող են  տնտեսել շուրջ 150-200 միլիոն դրամ:  Աշխատանքը կկորցնի մոտ  50 հոգի:  Վարդան Արամյանն էլ գիտի՝ հեշտ չէ մարդուն աշխատանքից զրկելը: Այստեղ է, որ քաղաքացի Արամյանին հաղթում է  ֆինանսիստ Արամյանը

«Մենք ուզում ենք կարգավորել մեր ֆինանսները։ Հարցին այլ տեսանկյունից պետք է մոտենալ։ Երկու երնեկ մի տեղ չի լինում։ Հնարավոր չէ, որ ունենանք արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական կամ ծախսային քաղաքականություն՝ առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք, թե մեզ համար կարևորն ինչն է: Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ կարևորն այն է, որ հարկատուից վերցրած փողը արդյունավետ ծախսվի»:

Նախարարը  վստահեցնում է՝  2017 թվականի պետական բյուջեն նախագծելիս հաշվի են  առել ընդհանուր տնտեսական վիճակը: Արամյանի խոսքով՝ կանխատեսման ռիսկերը պայմանավորված են  ինչպես արտաքին, այնպես էլ ներքին տնտեսական գործոններով, որոնք կարող են հանգեցնել ինչպես տնտեսական աճի տեմպերի ավելացման, այնպես էլ` նվազման:

«Բյուջեի սցենարի հիմքում ընկած է թե գլոբալ, թե Ռուսաստանի տնտեսական աճը, որը  կանխատեսվում է շուրջ 1%-ի շրջանակներում, ինչպես նաև՝ հումքային ապրանքների միջազգային գների համեստ աճը: Եթե այս սցենարի շրջանակներում, բացասական ուղղությամբ որևէ շեղում լինի, բնականաբար, դա ազդեցություն է ունենալու մեր ՀՆԱ-ի աճի վրա»,- ասում է:

«Ակնկալում էինք ավելի շատ ներմուծում երրորդ երկրներից, սակայն այն ավելի շատ է ԵԱՏՄ երկրներից, որտեղից ներմուծված ապրանքների հարկային եկամուտներն ավելի քիչ են»,- խոստովանում է նախարարը:

Հայաստանի պարտքով անհանգստացնողներին էլ է  հանգստացնում Ֆինանսների նախարարը։ Եթե անգամ տեսականորեն  դոլարն արժևորվի մինչև քսան տոկոսով, միևնույնն է, մեր երկիրը, ըստ Վարդան Արամյանի.,  կկարողանա դիմակայել, հատկապես, որ  դոլարի  արժևորման դեպքում շահողն արտահանողներն են լինում: Պարտքի վերակազմակերպման անհրաժեշտություն էլ չկա՝ վստահեցնում է նախարարը՝ «Հայաստանը նվազ պարտքի բեռ ունեցող երկիր է համարվում»:

Արամյանի խոսքով, աշխատանքային խմբերը քննարկում են ԵԱՏՄ տարածքում միասնական ռուբլով առևտուր անելու հարցը: Այս հարցի հետ կապված  վերջնական մոտեցում դեռ չկա:

Back to top button