Վերլուծական

Երեւանում փորձում են հասկանալ՝ ինչ քաղաքականություն է որդեգրելու Թրամփը

annanazaryan

«Թրամփը՝ ԱՄՆ նախագահ. ի՞նչ մոտեցումներ կորդեգրի Վաշինգտոնը հայկական հարցում և արտաքին քաղաքականությունում» թեման հայաստանյան քաղաքական քննարկման օրակարգի առանցքում է: Թեմայի շուրջ վերլուծաբանները դժվարանում են կանխատեսումներ անել, քանի որ Թրամփն անկանխատեսելի է ու զգացմունքային: Ամեն դեպքում՝ որոշ հստակեցումներ հնչում են:

 

Ինչ սպասել Դոնալդ Թրամփից. սա այն բարդ հարցն է, որի պատասխանը չունի որևէ  երկիր: Թրամփի  հաղթանակը խառնել է խաղաքարտերն ու այժմ բոլորն ուզում են հասկանալ, թե ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ։ Դա փորձում են հասկանալ նաև Երևանում:

ԱՄՆ- ում հայկական լոբբիստական կազմակերպություններն այս անգամ որևէ թեկնածուի չսատարեցին նախագահական ընտրություններում։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի  պարզաբանմամբ՝  Քլինթոնը վաղուց ցույց էր տվել իր կեցվածքը, ցույց էր տվել, որ հետաքրքրված չէ ցեղասպանության ճանաչմամբ: Թրամփն էլ ասում է, թե պետք չէ հատուկ տուրք տալ որևէ կազմակերպության կամ կառույցի: Եվ թեկնածուների այս մոտեցումները հիմք էին, որ որևէ աջակցություն չլինի Հայ դատի կողմից՝ ասաց:

Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն էլ նշում է՝ չգիտենք, թե ինչ քաղաքականություն ունի Թրամփը ցեղասպանության հարցում, սակայն ամերիկահայերը բնականաբար այս կամ այն թեկնածուի օգտին իրենց քվե տվել են:  Անկախ արդյունքից՝ Ամերիկայի հայկական համագումարը շարունակելու է աշխատել  նոր վարչակազմի հետ՝ ասաց:

Արփի Վարդանյանը կարևորեց  նաեւ նոր վարչակազմին ղարաբաղյան խնդրում ճիշտ տեղեկատվություն հաղորդելը և հետևողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ևս դժվարացավ ասել, թե ինչ քաղաքականություն կվարի Թրամփը, որևէ խոսք ասելը  կանխատեսումների շարքից կհնչի՝ նշեց: Սակայն, ըստ նրա, ԱՄՆ դժվար փոփոխվող քաղաքական դրույթներ ունի և հավատարիմ է մնում իր քաղաքականությանը: Ամեն դեպքում՝ Թրամփի որոշ հայտարարություններ նրան ուշագրավ են թվում։ Քարոզարշավի ընթացքում Թրամփը սպառնում էր բանտ նստեցնել Քլինթոնին, բայց ընտրվելուց հետո անմիջապես նշեց, որ Քլինթոնը մեծ ներդրում է ունեցել ԱՄՆ կյանքում։ «Տեսեք՝ ինչպես Թրամփը փոխվեց ու, սա նկատի ունենալով, դժվար է ասել՝ ինչ կլինի հետո»,- կարծիք հայտնեց նա:

Ամեն դեպքում՝ ՌԴ հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը կշարունակվի գոնե առաջիկա 4 տարվա ընթացքում՝ ասաց Արթուր Ղազինյանը։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում էլ շատ հարցեր պայմանավորված են  ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններով: Ուրախանանք, թե՝ լանք՝ իրականությունը դա է՝  նշեց  Կիրո Մանոյանը՝ ավելացնելով՝ եթե Իրանի նկատմամբ հռետորաբանությունը փոխվի՝ իրավիճակը տարածաշրջանում ամբողջովին կփոխվի:

Արթուր Ղազինայնն էլ նկատեց, որ ՀՀ- ն կոմպլիմենտար արտաքին քաղաքականության չի վարում: Պաշտոնական Երևանն  իրեն սահմանափակեց ԵԱՏՄ մտնելով ու ԱՄՆ-ի հետ  միակ հետաքրքրությունն այժմ  կարող է լինել  ԼՂՀ խնդրում, քանի որ  ԱՄՆ-ը ՄԽ-ի  համանախագահող երկիր է և այս հարցում ՀՀ պետք է նախաձեռնողականություն  դրսևորի:

Back to top button