Հասարակություն

Քարանձավներում հայտնաբերված ժայռապատկերները գաղտնի են պահում՝ ոչնչացումից փրկելու համար

hasmikmartirosyan

Վերջին շրջանում հնագետները բարձրաձայնում են նոր հետազոտությունների, ուսումնասիրությունների մասին՝ վերահաստատելով, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ հնագույն աշխարհի պատմությունը խորը արմատներ ունի, եւ որ աշխարհագրական փոքր չափեր ունեցող այսօրվա Հայաստանը բաց ու ընդարձակ հանրագիտարան է ուսումնասիրողների համար: Սակայն պետական հոգածության բացակայության պատճառով ոչ միայն նոր բացահայտումներն են հողակույտ դառնում, այլ նաեւ դեռ կանգուն մնացած պատմամշակութային արժեքները: Այսօր նույն միտքը վերահաստատեցին քարանձավագետները՝ խոսելով աշխարհում բացառիկ համարվող հայտնագործության մանրամասների մասին: Ի՞նչ նոր գտածոյի մասին է խոսքը, ո՞ր խնդիրներն են այսօր անհանգստացնում քարանձավագետներին, եւ արդյո՞ք այսօր վտանգված են երբեմնի կեցավայր համարվող քարաձավները։

 

Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ- իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի ղեկավար, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր ներկայացրեցին կարստային քարանձավում հայտնաբերված ժայռանկարի մասին: Եվ այսպես, ինչո՞վ են աշխարհին զարմացնելու, հայ քարանձավագետները:

Սեպտեմբերին հայ- իտալական երեք կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ մեկշաբաթյա արշավախումբ է կազմակերպվել Եղեգնաձորի կարստային շրջաններում։ Նոր քարանձավներ հայտնաբերելու նախաձեռնության արդյունքում՝ ըստ արշավախմբի ղեկավարի՝ հայտնաբերվեց չսպասվածը, իսկ իտալացիների բնորոշմամբ՝ ֆանտաստիկ մի բան։ Ի դեպ, հնություն գնահատող ու պահպանող իտալացիներն են պնդել, որ արշավախումբը հենց այդ փոքր համարվող քարանձավում ուսումնասիրություն անցկացվի:

«Առաջին անգամ հայաստանյան կարստային քարանձավներից մեկում հայտնաբերվեց ժայռանկար, որն իր ոճով նման է իսպանական Ալտամիրայի քարանձավում առկա ժայռանկարներին: Առայժմ ուսումնասիրություն չի արվել, բայց նախնական թվագրությամբ պալեոլիթի շրջանի է՝ 10-12 հազար տարի»,- ասում է Դավթյանը։

Ի դեպ, գտածոյի տեղն առայժմ գաղտնի է պահվում՝ ժայռապատկերը փրկելու մտավախությունից ելնելով, քանի որ այսօր շատ «պահպանվող» քարանձավներ անգամ ոչնչացման եզրին են, իսկ քարանձավում դեռ չբացահայտված սրբազան լանդշաֆտ կա, որտեղ մարդանման ժայռաքանդակներ են՝ տղամարդու եւ կնոջ, սպասում են հնագետների ուսումնասիրությունների արդյունքներին:

Այսօր 20- 22 քարանձավներ ոչնչացման  եզրին են, իսկ շուրջ 10 հազար քարանձավից 100- ը կարող են օգտագործել զբոսաշրջային նպատակներով ու որպես օրինակ նշում Մագիլի քարանձավը, որում առկա բրոնզե դարի շերտը վայրագորեն ոչնչացվում է։ Մարդկանց ներկայությունն այստեղ վտանգում է նաեւ չղջիկների գոյությունը։ «Մենք երեք հրաշք քարանձավ ունենք՝ Արջերի, Մոզրովի եւ Մագիլի։ Երեքն էլ, թվում է, թե պաշտպանված են, բայց թղթի վրա: Օրինակ՝ Մագիլի քարանձավը 5 մուտք ունի, որոնցից 1- ը ճաղավանդակով փակված է եւ բանալին էլ երեւի արգելոցի աշխատողի մոտ է: Բայց շուրջ 10-ը ամիս է երկրորդ մուտքը մարդիկ բացել են եւ ազատ մուտք են գործում տարած»։

Քարանձավագետների միության  նախագահ Սամվել Շահինյանն իր հերթին նշեց, որ քարանձավների պահպանության հարցում պետք է հստակ ռազմավարություն մշակվի, որովհետև մեկը պետք է պատասխանատու լինի։ «Անանուն տերեր չեն լինում»,- ընդգծեց, իսկ քարանձավները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ դրանք օգտագործվեն, հանձնվեն վարձակալության, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այդ արժեքները: Քարանձավագետները բազմիցս դիմել են ՀՀ մշակույթի նախարարությանը և այլ կառույցների՝ այդ հարցը լուծելու համար, սակայն դեռ հստակ պատասխան չեն ստացել:

Back to top button