Վերլուծական

Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ով կդառնա ԱՄՆ 45-րդ նախագահը

karenghazaryan
ԱՄՆ-ն այսօր ընտրում է իր 45-րդ նախագահին: Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ո՞վ կընտրվի եւ  ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո ԱՄՆ-ում և աշխարհում: Այս հարցերն այսօր քննարկվել են «Մեդիա կենտրոն»-ում: Քննարկման մասնակիցները նշել են, որ թեպետ Հիլարի Քլինթոնի ընտրվելու հավանականությունն ավելի մեծ է, բայց անսպասելիության էֆեկտի բացառումը հնարավոր չէ: Քննարկումներում անդրադարձ է կատարվել նաեւ հայ համայնքի դիրքորոշմանը:

 

ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրություններից հետո տեկտոնիկ շարժեր լինելու են՝ կարծիք հայտնեցին այսօրվա բանախոսները: Նրանք նկատեցին նաեւ, որ թեկնածուներից ոչ մեկը ո՛չ Ղարաբաղյան խնդրով, ո՛չ Ցեղասպանության հարցով կարծիք չեն հայտնել ընտրարշավի ընթացքում: Դրանից ելնելով Հայ դատի գրասենյակը հայտարարել է, որ թեկնածուներից ոչ մեկին չի պաշտպանում եւ հայ համայնքը ընտրության է գնալու ոչ միասնական դիրքորոշմամբ: ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ երկու թեկնածուներն էլ մեզ համար դրական սպասումների առումով տարբերություն չեն ստեղծելու: Փոխարենը, սակայն, նրա գնահատմամբ, սպասումները պետք է ձեւավորի հայ համայնքը.

«Հստակ պետք է ձեւակերպի, որպես առաջնահերթություն օրակարգ բերի հենց Լեռնային Ղարաբաղի ճանաչման կամ անվտանգության ապահովման խնդիրը, այլ ոչ թե ցեղասպանության ճանաչումը, որովհետեւ, կարծում եմ, դա ավելի հեշտ է՝ ավելի հեշտ է գնալ Ադրբեջանին դեմ, քան Թուրքիային դեմ»:

Չի կարելի հոտը թողնել առանց հովիվ՝ նույն հարցի առնչությամբ պատկերավորեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ հայկական լոբբին իր համար որոշել է, որ ամենակարեւորը «ցեղասպանություն» բառն է, մինչդեռ, ԱՄՆ հայազգի քաղաքացիները բազում համայնքներից մեկն են եւ ունեն կարիք իրենց շահերի պաշտպանության:

Ասել է  թե՝ Հիլարի Քլինթոնը տարածաշրջանում լինելու է առավել ակտիվ, սակայն, անհասկանալի արդյունքներով՝ եզրահանգեց Հայկ Մարտիրոսյանը: Միաժամանակ նա հիշեցրեց Թրամփի հայտարարությունն այն մասին, որ պետք է դաս տրվի ԱՄՆ այն դաշնակիցներին, որոնք ճիշտ չեն վարվում ԱՄՆ-ի հետ: Դրանք են Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Սա կարեւոր է, քանի որ ցույց է տալիս, որ Թրամփն ավելի կոշտ է լինելու այդ երկուսի նկատմամբ:

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ եթե թեկնածուներից որեւէ մեկը չի անդրադարձել հայկական համայնքի գործոնին, ապա դա նշանակում է, որ նրանք համարել են, որ չկա մի կառույց, որը կկարողանա մոբիլիզացնել այդ ձայները: Հետեւաբար, Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ, ԱՄՆ հայ համայնքը պետք է ստեղծի նոր ինստիտուցիոնալիզմ:

Բանախոսները կարծիք հնչեցրին նաեւ, որ  համայնքների պասիվությունը փոշիացրել է հայկական գործոնի դերը: Կարծիք հնչեց նաեւ, որ հայկական սփյուռքը պիտի ուղղորդվի Հայաստանից, եւ պիտի լինի համարձակ արտաքին քաղաքականություն: Պետք է հասկանալ համահայկական առաջնահերթությունը, ձեւակերպել համահայկական հստակ օրակարգ եւ փորձել դա առաջ մղել համայնքների միջոցով:

Back to top button