Հասարակություն

Վահան Զատիկյանի երազած երկիրը. նա այս տարի կդառնար 60 տարեկան

arminegevorgyan

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին թաղապետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Արցախյան ազատագրական շարժման մասնակից, «Մալաթիա» ջոկատի հիմնադիր-հրամանատար, ՀՀ վաստակավոր մարզիչ Վահան Զատիկյանն այս տարի կդառնար 60 տարեկան: Ընդամենը 43 տարեկան էր, երբ մահացավ, սակայն հասցրեց շատերի համար դառնալ օրինակ: 1988 թվականին միացավ Արցախի ազատագրական պայքարի մասնակիցներին եւ մեկնեց մարտի դաշտ: Մարտի դաշտում նրա կատարած սխրանքների մասին խոսում են ընկերները, զինակիցները:

«Առաջին անգամ Վահանին հանդիպեցի Կոռնիձորում եւ տեսա, թե ինչ քայլեր է անում հայրենաշինության համար: Նրա գլխավորած ջոկատին անվանում էինք Վահան, սա մեզ համար բավարար էր: Նրա մոտ սուտը տեղ չուներ, կարողանում էր տարբեր հակումներով օժտված մարդկանց մեկ ժամում վերափոխել եւ համախմբել»,- ասում է գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը:

Վահանն իր ջոկատով հերոսական մարտեր է մղել Մաճկալաշենի, Կոռնիձորի, Երասխավանի, Աղդամի, Գետաշենի, Մարտունաշենի, Նոյեմբերյանի եւ Իջեւանի ամեն մի թիզ հողի համար: Նա կանխազգում էր, թե Հայաստանին ու Արցախին ինչ վտանգ է սպառնում, եւ թե դրանք ինչ զարգացումներ են ստանալու: Պատահական չէր, որ ընդհանուր մարտերի հրամանատարը` Վազգեն Սարգսյանը, որոշումներ կայացնելիս հաճախ էր խորհրդակցում Վահան Զատիկյանի հետ: Ռազմական գործում նրա տաղանդն արտահայտվեց Գետաշենի եւ Շահումյանի հայ բնակչության դեմ Ադրբեջանի խորհրդային ղեկավարների ծրագրած «Օղակ» գործողության ժամանակ գետաշենցիներին մեծ դժվարությամբ, առանց զոհերի տեղափոխելիս:

1991թ. Զատիկյանն ընտրվում է Շահումյանի գործկոմի նախագահ: Նրա համար դժվար էր բաժանվել մարտական ընկերներից, դրա համար Վահանը մարտնչում էր երկու ճակատով` թիկունքից աջակցում էր «Մալաթիա» ջոկատի մարտական գործողություններին, զենք ու զինամթերք էր հայթայթում, մյուս կողմից՝ աշխատում էր շրջանը դուրս բերել ծանր ճգնաժամից: Ժողովուրդը հավատում, վստահում եւ սիրում էր նրան եւ համոզված էր, որ կհաղթահարվեն բոլոր դժվարությունները, քանի որ իրենց հետ է Վահանը: Եվ ժողովրդի վստահությունը պարտավորեցնում էր նրան: Նա քաջ գիտեր, որ պաշտոնը ոչ թե արտոնություն է, այլ` պարտավորություն, որ ինքը պատասխանատու է իր խղճի ու ժողովրդի առաջ:

Վահան Զատիկյանի 60-ամյա հոբելյանը հանդիսավոր պայմաններում` նշվեց նրա անվան թիվ 90 հիմնական դպրոցում: Դպրոցի բակում հավաքված էին Զատիկյանի զինակից ընկերները, գործընկերները, պետական այրերը: Արդեն դպրոցի դահլիճում ներկաները ծանոթացան Վահան Զատիկյան պետական-քաղաքական գործչի, ազատամարտիկի, մարզչի եւ հայի անցած ուղուն ու գործունեությանը:

Թիվ 90 հիմնական դպրոցի տնօրեն, Վ. Զատիկյանի այրին՝ Սոխակ Խոցանյանը, համոզված է, որ այսօր Հայաստանն այնպիսի սերունդ ունի, որոնք կլինեն արժանի հետնորդները ոչ միայն Զատիկյանի, այլեւ ազգի բոլոր նվիրյալների. «Վահանը միշտ երազում էր օրենքի, սոցիալապես խնդիրներ չունեցող երկրի մասին: Նրա պատկերացումները Հայաստանի ապագայի մասին այլ էին: Այսօր մենք փորձում ենք նրա ցույց տված ճանապարհով գնալ, թե որքանով կստացվի` ցույց կտա ժամանակը»,-ընդգծեց Զատիկյանի այրին:

Նշենք, որ հյուրերը այցելեցին նաև Եռաբլուր պանթեոն՝ որտեղ ամփոփված է Վահան Զատիկյանը, եղան նաև «Մալաթիա-Սեբաստիա» համայնքում գտնվող իր անվան այգում։

Back to top button