Մշակույթ

Խաչատրյանի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումներն ամփոփվել են նոտաների ժողովածուում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 9-ին ժամը 18:00-ին տեղի կունենա մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունների` դաշնամուրային տրիոյի համար փոխադրումների նոտաների ժողովածուի շնորհանդեսը:

«Փոխադրումներն արվել են Խաչատրյանի անվան տրիոյի խնդրանքով, մեր կատարմամբ հնչել են աշխարհի տարբեր բեմերում: Համերգներից հետո մեզ միշտ մոտեցել են ու խնդրել են նոտաներ տրամադրել: Միտք առաջացավ հրատարակել դրանք: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հրատարակվել է գրքի 300 օրինակ: Այն կբաժանվի երաժշտական հիմնարկներին, ինչպես նաև առկա կլինի վաճառքում: Մենք այն կտարածենք նաև մեր արտասահմանյան համերգների ընթացքում»,-տեղեկացնում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

Փոխադրումները կատարվել են Ավետիք Պիվազյանի և Ռուբեն Ասատրյանի կողմից: Հեղինակները հարազատ են մնացել բնագրերի խաչատրյանական նրբերանգներին և գեղարվեստական յուրահատկություններին: Գիրքը հրատարակվել է «Կոմիտաս» հրատարակչությունում:

«Փոխադրումներ դաշնամուրային տրիոյի համար» ժողովածուի շնորհանդեսին զուգահեռ նույն օրը` նոյեմբերի 9-ին Խաչատրյանի տուն-թանգարանի համերգային դահլիճում կբացվի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Էլիբեկյանի «Նվիրում Արամ Խաչատրյանին» խորագրով ցուցահանդեսը:

«Ամբողջ սրահը լցված կլինի Խաչատրյանի տարբեր դիմանկարներով: Այս շարքը թանգարանում կցուցադրվի մինչև տարեվերջ: Դրան զուգահեռ` կկազմակերպվի համերգային երեկո, որի ընթացքում կհնչեն ժողովածուում հրատարակված փոխադրումները` Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտների կատարմամբ» ,-հավելում է Արմինե Գրիգորյանը:

Back to top button