ԿարևորՍպորտ

Ռիոյից «Զվարթնոց». հաղթական վերադարձ, տոն եւ զգացմունքների հրավառություն

տեղադրված 09.11-ին
լրացված 15.22-ին
arammanukyan

Հայաստանն այս գիշեր դիմավորեց մեր երկրին պատիվ բերած օլիմպիական հերոսներին: Ավելի քան 20 տարի չեմպիոն չէինք ունեցել Օլիմպիական խաղերում: Եվ ահա  Ռիոյում նվաճած երկար սպասված ոսկե մեդալն ու արծաթե պարգեւները մեծ հպարտություն էին առաջացրել ողջ հայության շրջանում: Չնայած մեր մարզիկները ժամանել էին կեսգիշերից հետո, բայց «Զվարթնոցում» «ասեղ գցելու» տեղ չկար: Օդանավակայան եկած հազարավոր երկրպագուները միաբերան նշում էին, որ մեր մարզիկների նվաճումները ողջ հայության նվաճումներն են:

«Անկեղծ ասած չէի սպասում նման ընդունելության: 20 տարվա սառույցը կոտրվեց ու ոսկին վերադարձավ Հայաստան: Սա միայն իմ հաղթանակը չէ», -«Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց  Օլիմպիական չեմպիոնը:

Չեմպիոնին վայել դիմավորեցին նաեւ Միհրան Հարությունյանին, ումից Ռիոյում գողացել էին ոսկե մեդալը:

«Ես անչափ շնորհակալ եմ ու անչափ հուզված եմ: Ես անսահման սեր եմ զգում իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավ բանն է, սա կյանք է, հույզերն ու զգացողությունները… Սա ինձ համար անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այսքանից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Միհրան Հարությունյանը:

Back to top button