Հասարակություն

Հիվանդին նոր կյանք, կյանքին` նոր որակ. «Էրեբունի» ԲԿ-ում կաթվածի կանխարգելման վիրահատությունները նոր թափ են ստացել

lianaeghiazaryan

Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոնում նոր թափ են առնում գլխուղեղի կաթվածի կանխարգելման վիրահատությունները: Վերջին տարիներին զարգացում ապրող բժշկական այս միջամտություններն աշխարհում ընկալվում են որպես բնակչությունը պահպանող կամ կյանքի տեւողությունն ավելացնող վիրահատություններ: «Էրեբունու» պարանոցային անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը վստահորեն հայտարարում է` եթե Հայաստանում տարեկան անհրաժեշտ շուրջ 2000-ից 1000-ի դեպքում կատարվի գլխուղեղի կաթվածի կանխարգելման վիրահատություն, ապա կարող ենք վստահաբար հայտարարել, որ այդքան մարդու կյանք ենք փրկել:

 

62-ամյա Կարապետ Առաքելյանը Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում իր հետվիրահատական 4-րդ օրն է անցկացնում: Խոսում է հանգիստ, վստահ, ու նրա հետ զրուցելիս դժվար է պատկերացնել, որ օրեր առաջ շատ բարդ ու ռիսկային վիրահատության է ենթարկվել, առանց որի գլխուղեղի կաթվածի ու դրանից բխող լրջագույն խնդիրների առաջ կարող էր կանգնել:

Գերճնշում, արագ հոգնածություն, վատացած հիշողություն, աջ վերջույթներում թուլություն, գլխացավեր ու գլխապտույտներ. այս նախանշանները ստիպել էին, եւ Կարապետը որոշել էր խորհրդակցել մասնագետների հետ։ Նրանք արագ հասկացել էին` հարկ է կանխարգելել գլխուղեղի հնարավոր կաթվածը:

Սա բարդ վիրահատություն էր, արդեն հաջողությամբ հետեւում թողած բժշկական միջամտության մանրամասներն է հիշում «Էրեբունու» պարանոցային անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, սիրտ-անոթային վիրաբույժ, բգդ Մեսրոպ Շատախյանը: Քնային զարկերակների բազմամակարդակ նեղացման խնդիր ունեցող հիվանդի վիրահատությունը տեւել է 9 ժամ: Բժշկական տերմիններն ու ձեւակերպումները շատ են, որոնցով բժիշկը նկարագրում է հատուկ վիրահատությունը, որը հիվանդին նոր կյանք ու կյանքին նոր որակ է հաղորդել:

Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոնում արդեն շուրջ 2.5 տարի է ուղեղի կաթվածի կանխարգելման հատուկ վիրահատություններ են կատարվում։ Դրանք նորություն են Հայաստանի համար: Վիրահատական միջամտությունն իրականացվում է գլխուղեղը սնուցող բոլոր՝ թե քնային զարկերակների, թե ողնաշարային մագիստրալ մեծ անոթների վրա: Մինչ այս բաժանմունքի բացումը Հայաստանում տարեկան կատարվում էր ընդամենը 3-4 նման վիրահատություն, պատմում է բժիշկ Շատախյանը:

«Էրեբունի»-ում նոր բաժանմունքի բացման առաջին իսկ տարում կատարվել է 80 վիրահատություն: Բայց 3 մլն բնակչությամբ երկրի համար դա էլ է քիչ. տարեկան 2.500-3000 նման վիրահատության կարիք է լինում Հայաստանում: Բարձրակարգ կենտրոններում նման վիրահատությունների դեպքում մահացությունը 3 տոկոսից ցածր է լինում: Էրեբունիում այս ընթացքում իրականացված շուրջ 300 վիրահատության դեպքում այս ցուցանիշն ընդամենը 1 տոկոս է կազմել:

Հայ հասարակությանը բնորոշ է` առողջական խնդիրների լուծումը հետաձգել վաղվան: Մասնագետը հորդորում է երբեք անուշադրության չմատնել այն ախտանիշերը, որոնցով «Էրեբունի» էր դիմել Կարապետ Առաքելյանը: Գլխուղեղի կաթվածին երբեմն կարող է ավելի լուրջ նախանշաններ չնախորդեն, ուստի «50 տարեկանից հետո ցուցված է տարեկան գոնե մեկ անգամ պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն անցնել»:

Գլխուղեղը սնուցող ներքին քնային զարկերակի ախտահարման ու նեղացման դեպքում կաթվածի կանխարգելման ստանդարտ վիրահատությունը տեւում է շուրջ 1.5 ժամ: Ճիշտը կանխարգելիչ վիրահատության դիմելն է, քան հետո հերոսաբար  պայքարել արդեն վրա հասած ինսուլտի դեմ՝ հորդորում են առաջադեմ մոտեցումներին տիրապետող մասնագետները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button