Հասարակություն

Քաղցրաշենցի խաղողագործների հերթական բողոքի ակցիան՝ կառավարության առջեւ

hasmikdilanyan
Արարատի մարզի  Արտաշատի տարածաշրջանի  մի շարք համայնքների խաղողագործներ այսօր կրկին իրենց բողոքի ձայնն են  բարձրացրել  կառավարության շենքի առջև: Նրանք, հիշեցնենք, մթերած խաղողի գումարն են պահանջում Վինար գործարանի  սեփականատիրոջից: Նախորդ տարվա աշնանից գյուղացիները չեն կարողանում ստանալ  մթերած խաղողի գումարները:    Քացրաշենցիներն ու  հարակից գյուղերի բնակիչները «Ռադիոլուր»-ին պատմել  են, որ վերջին անգամ հարյուր հազար դրամական գումար են ստացել, երբ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Այսօր նրանք կրկին հավաքվել են կառավարության շենքի առջև, ներկայացրել իրենց սոցիալական խնդիրները, նշել, որ գրեթե բոլոր գյուղացիները վարկեր ունեն, չեն կարողանում վճարել դրանք, այգիները բուժանյութի կարիք ունեն, կրկին գումար չունենալու պատճառով չեն կարողանում բուժանյութ գնել: Մինչդեռ նախորդ տարիներին կարողացել են հոգալ բոլոր խնդիրները:

«Իմ պարտքը 500 հազար դրամ է, վերջին անգամ ասացին, որ մինչև մայիսի 10 կտան, սպասում ենք: 500 հազար  դրամ էլ վարկ ունեմ, հեսա մուծման օրն ա, որտեղի՞ց տամ: Հայաստանի բոլոր գյուղերում էլ, որ մտնեք հարցնեք, կասեն, որ քաղցրաշենցիները խաղողը հանձնել են, չեն կարողանում գումարը ստանալ: Մենք անընդհատ՝ ամեն հինգշաբթի գալիս ենք ստեղ, որ  կառավարությունն էլ իմանա երեկ ենք ներկայացնենք մեր պահանջը: 1 կգ խաղողն ընդունել են  40 դրամով, մինչև հիմա գումարը չեն տալիս: Մենք չենք խնդրում, մեր գումարներն ենք պահանջում: Մենք հիմա խաղողը պետք է երկրորդ անգամ բուժում արած լինեինք, գումար չունենք, որ անենք,  խաղողը արդեն հասնում ա,  ծիրանից հետո խաղող պիտի վաճառենք: Բայց ո՞նց բուժում անենք»:

Հավելենք, որ քաղցրաշենցիները հավատում են միայն վարչապետի խոստմանը: Նրանք նշում են, որ առաջին անգամ կառավարության ղեկավարի հետ հանդիպելուց հետո նույն օրը  50 մլն դրամ են ստացել: Որևէ այլ խոստման նրանք չեն հավատում:

Կառավարության շենքի մոտ քաղցրաշենցիների հետ է հանդիպել գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա փոխանցմամբ, գյուղացիները  ցանկանում էին  հստակ իմանալ , թե   երբ պետք է գործարանատերը վերադարձնի պարտքերը:  «Ես բանկի հետ էլ խոսեցի,  ամենաուշը  չորեքշաբթի վարկի գումարը կստանա, կբաժանի գոյուղացիներին»: Գյուղատնտեսության փոխնախարարի հստակեցմամբ, գործարանատիրոջ հավաստմամբ, պարտքը կազմում է 100-120 մլն է  կազմում:

Ցուցադրել ավելի
Back to top button