Մշակույթ

Թատրոնի հանդեպ սերը երեխայի մեջ պետք է արմատավորել դպրոցում.Գագիկ Ռոստոմյան

alisagevorgyan
Թատրոն—դպրոց. ընդհատված կապի մասին է «Ռադիոլուր»-ը զրուցել Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Ռոստոմյանի հետ, ում համոզմամբ  երեխայի դաստիարակության հարցում թատրոնն ունի իր անփոխարինելի դերը, ինչը սակայն այսօր չի կատարում: Այս հարցում արվեսատագետը պետական համակարգված մոտեցում  է ակնկալում։  

 

Դպրոց-թատրոն. այս կապը վաղուց ընդհատվել է, ինչը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրենի տեղական Գագիկ Ռոստոմյանն անընդունելի է համարում: «Թատրոնի հանդեպ սերը երեխայի մեջ պետք է արմատավորել դպրոցում՝ հույսը չդնելով  ո՛չ ծնողի և ո՛չ էլ բարեխիղճ մանկավարժների վրա: Այս հարցում համակարգված մոտեցում է անհրաժեշտ» ,-համոզված է արվեստագետը:

«Իսկ եթե ծնողը ժամանակ չունի կամ էլ ցանկություն չունի երեխային թատրոն տանելու, ուրեմն ինչ, երեխան չպետք է թատրոն հաճախի: Բացի այդ՝ մի բան է, երբ երեխան ծնողի, տատիկի կամ պապիկի հետ է թատրոն հաճախում, մեկ այլ բան է, երբ դա անում է դասընկերների հետ, ինչը հնարավորություն է տալիս միասին նաև վերլուծելու և գնահատելու ներկայացումը»,-ասում է Ռոստոմյանը:

Եթե մայրաքաղաքում այս կամ այն կերպ երեխան կարող է ծանոթանալ թատրոնի զարմանահրաշ աշխարհին , ապա այն միանգամայն անհասանելի է մարզերում բնակվող փոքրիկներին: Իսկապես անարդար է: Ըստ Գագիկ Ռոստոմյանի՝ այս հարցում ևս անհրաժեշտ է պետության համակարգված մոտեցումը:

Սեփական նախաձեռնությամբ Երևանի տիկնիկային թատրոնը ժամանակ առ ժամանակ փորձում է լրացնել բացն ու հանդես գալ մարզային փոքրիկ հանդիսատեսի առաջ;

Ռոստոմյանն ասաց, որ Երևանի տիկնիկային թատրոնը, օրինակ,  Սյունիքում եղել է մոտ 12 տարի առաջ: Իսկ  թատրոն հաճախելու նպատակով մարզերից Երևան են գալիս միայն մոտակա մարզերի երեխաները: «Ստեղծված իրավիճակում զարմանալի չեն այն դեպքերը, երբ 20-25 տարեկան ծնողը մտնում է թատրոն ու հարցնում, թե որտեղ է բեմը: Շատերը երեխայի հետ են առաջին անգամ այցելում թատրոն»,-ասում է տիկնիկային թատրոնի փոխտնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button