Քաղաքական

Ոչ թե քաղաքականության, այլ անձերի փոփոխություն.պատմաբանը՝ Թուրքիայի վարչապետի մասին

տեղադրված 13.51-ին
լրացված 14.46-ին

karenghazaryan
Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է եւ երբ Օսմանյան կայսրությունում մեծ վեզիրներ էին փոխվում, դրանից Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում չէր փոխվում: Այս հանգամանքն այսօր առանձնացրել է պատմաբան Գեւորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետի փոփոխության մասին հարցին: «Փոխվում էին անձերը, բայց քաղաքականությունը նույնն էր մնում, եւ հիմա նույնպես սպասել, որ Դավութօղլուի փոփոխությունից հետո Թուրքիայում արտաքին քաղաքական մեծ փոփոխություն է լինելու, հատկապես՝ հարեւանների հետ հարցերում, անիմաստ է»,-շեշտել է պատմաբանը: Թուրքիայի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների ակնկալիք չունի նաեւ թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Թուրքագետը վստահ է, որ նոր վարչապետը շարունակելու է մնալ Էրդողանի ազդեցության տակ, ինչի մասին են վկայում նաեւ նրա՝ արդեն առաջին հրապարակային հայտարարությունները:

 

Թուրքիայի նոր վարչապետի առաջին  հայտարարություններից մեկն էր, որ աջակցելու է կառավարման նախագահական ձեւին անցմանը: Սա հրապարակայնորեն հավատարմության երդում էր Էրդողանին՝ գնահատեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

«Բացեիբաց հայտարարում է այն, ինչը Էրդողանն է ցանկանում՝ հստակորեն ցույց տալով, որ Էրդողանի քաղաքականության կրողն է»:

Սա ներքին ճակատում: Արտաքին ճակատում եւս լուրջ, սկզբունքային փոփոխություն սպասելն անիմաստ է՝ հավելեց թուրքագետը: Ըստ նրա՝ պետք է ակնկալել, որ քաղաքականության կոշտացում տեղի կունենա, այդ թվում նաեւ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Դավութօղլուն այդ առումով որոշակիորեն կարողացել էր հաջողել, ինչը եւս պատճառ դարձավ նրան հեռացնելու համար: Այդ ճակատում Էրդողանը կոշտ մոտեցում ունի, ինչը կթելադրվի նաեւ նոր վարչապետ Յըլդըրըմին ու նրա կաբինետին: Կարճ խոսքով, թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ, Թուրքիայում գլխավոր խաղացողը մնում է նույնը, հետեւաբար՝ նույնն է մնալու նաեւ քաղաքական ընդհանուր գիծը, ուստի՝ սկզբունքային փոփոխություններ այդ քաղաքական գծում չի լինի, այդ թվում՝ նաեւ Հայաստանին առնչվող հարցերում:  Նույնն է նաեւ Ռուսաստանի պարագայում:

« Քանի որ Էրդողանը՝ երկրի գլխավոր դերակատարը նույնն է, սկզբունքային փոփոխություններ, որը ամբողջովին կփոխի Թուրքիայի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, սպասել դեռեւս վաղ է»:

Թուրքիայի ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների ակնկալիք չունի նաեւ պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է եւ երբ Օսմանյան կայսրությունում մեծ վեզիրներ էին փոխվում, դրանից Թուրքիայի քաղաքականությունը հիմնականում չէր փոխվում:

«Այսօր Թուրքիան գնում է ավելի կոշտ քայլերով խնդիրների լուծման եւ դրա վառ վկայությունն է այն փաստը, որ Դավութօղլուի հրաժարականից հետո, թուրքական կոնտինգենտը Սիրիայի սահմանին ավելացավ: Սա նշանակում է, որ Թուրքիան գնում է խնդրի ավելի շատ ռազմական լուծման՝ «էրդողանյան լուծման», որովհետեւ նա կոշտ քաղաքականության կողմնակից է»:

Ըստ պատմաբանի՝ պետք է ենթադրել, որ որքան սիրիական եւ քրդական հարցերում թուրքական ռազմական գործողություններն ավելի արագանան, այնքան, դրան զուգահեռ, Ղարաբաղի հարցում խնդրի կոշտ լուծման է գնալու նաեւ Ադրբեջանը: Պատմաբանի դիտարկմամբ՝ հենց այդ մասին են վկայում վերջին երեք տարիների իրադարձությունները: Վերջին տարիների ռազմական հռետորաբանության եւ ռազմական գործողությունների ակտիվացման փաստը հենց դրա մասին է վկայում՝ դրանք տեղի են ունեցել հարեւանների նկատմամբ թուրքական քաղաքականության կոշտացմանը զուգահեռ՝ եզրափակեց պատմաբան Գեւորգ Մելքոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button