Հասարակություն

Բացվել է Համազասպ Բաբաջանյանի արձանը

alisagevorgyan
Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր բացվել  է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը, որի   քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Բացման արարողությանը մասնակցել են  նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, տեղացի ու արտասահմանցի բազմաթիվ հյուրեր: ՀՀ Նախագահը ծաղիկներ է դրել արձանին և հարգանքի տուրք մատուցել ականավոր զորավարի հիշատակին:Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:


Մեծ Հայրենականի վետերան Ռոզալիա Աբգարյանն ասում է, որ բազմաթիվ երիտասարդ աղջիկներ այն տարիներին երազում էին, որպեսզի իրենց կողակիցը հենց նրան նման լինի՝ Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանին, ում բրոնզաձույլ արձանն այսօր բացվեց Երևանում,  Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում: Արձանի վրա աշխատելիս քանդակագործ Համլետ Մատինյանի մեծագույն ցանկությունն է եղել՝ ներկայացնել հայ զորավարի հզոր ու հաղթող կերպարը:

Շարքային մարտիկից մինչև զրահատանկային զորքերի մարշալ, հրաձգային ջոկի հրամանատարից մինչև ԽՍՀՄ տանկային զորքերի հրամանատար, այն մարտական ուղին, որն անցել է մեր մեծ հայրենակիցը: Խորհրդային տարիներին տարբեր հանրապետություններում Համազասպ Բաբաջանյանի անունով անվանակոչվել են փողոցներ, ուսումնական և այլ հաստատություններ: Իսկ նրա մարշալներ տված հայտնի ծննդավայր Չարդախլուում  հիմնվել է մարտական փառքի եզակի թանգարան, որն ավերվեց 1988-ի աշնանը՝ դաշտային Արցախի վերջնական հայաթափումից հետո: Ոչ հեռավոր անցյալի պատմական այս դրավագին իր խոսքում անդրադարձավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հայկական ԶՈւ –ի մարտունակությունն այս օրերին գնահատել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի  հրամանատար գեներալ-գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոդջեսը, որն  այսօր ներկա  էր խորհրդային միոթյան հերոս, մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողությանը:

Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ավարտին Պատվո պահակախմբի զինվորների շարային քայլերթից հետո Երևանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը նախագահ Սերժ Սարգսյանին հանձնեցին մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից: խորհրդանշական նվերը կպահպանվի ՀՀ պաշտպանության նախարարության թանգարանային ֆոնդում:

Ցուցադրել ավելի
Back to top button