Հասարակություն

«Մայիս-վայիս»՝ բառախա՞ղ, թե՞ սնոտիապաշտություն

sonahakobyan
Ինչո՞ւ են խուսափում մայիսյան հարսանիքներից: Որտե՞ղ են թաքնված մայիս-վայիսի արմատները: Արդյո՞ք այդ ամիսն իսկապես դժբախտություն է բերում թե՞ պարզապես ժողովրդի սնոտիապաշտության արդյուքն է: Իրականում մայիս ամսին հայ առաքելական եկեղեցին ոչ միայն չի արգելում պսակադրությունը, այլև խրախուսում է` հիշեցնելով, որ մայիսը հաղթանակների և ծաղկող գարնան ամենագեղեցիկ ամիսն է: Իսկ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը պարզապես ներշնչանք է և սնահավատություն։

 

 

Մայիս-վայիս. անհաջողությո՞ւն, սնոտիապաշտությո՞ւն, թե՞ պարզապես բառախաղ: Սովորության համաձայն՝ հայ ժողովուրդը մայիս ամսին պսակադրություն չի անում: Ասում են, թե մայիս ամսին ամուսնանալ չի կարելի, այլապես` կդժբախտանաս: Բայց եթե որևէ մեկին հարցնես, ոչ ոք չի կարող հստակ պատասխանել, թե ինչու և որտեղից են գալիս այս սովորության արմատները: Պարզապես խուսափում են ու վերջ: Այսպիսով՝ մայիս-վայիս արտահայտությունը ընդամենը բառախաղ է, իսկ ժողովրդի մեջ ձևավորված սովորությունը՝  պարզապես սնահավատություն, ասում է Արարատյան հայրապետական թեմի Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Հետաքրքիրն այն է, որ երբ եկեղեցին արգելում է պսակադրությունը Մեծ պահքի շրջանում, մարդիկ  ավելի շատ նախընտրում են պսակվել Պահքի շրջանում, քան՝ մայիս ամսին, որի ընթացքում եկեղեցին ոչ միայն չի արգելում,  այլև հակառակը` հորդորում է: Թերևս պետք է նշել, որ վերջին տարիներին մայիսյան հարսանիքները բավականին հաճախակի են դարձել, ինչը քահանան ողջունում է: Ի վերջո՝ չպետք է մոռանալ, որ սնահավատությունը շատ հաճախ ունենում է նաև  հոգեբանական հետևանքներ:  Խնդրին անդրադառնալով հոգեբանական տեսանկյունից` հոգեբան  Լիլիթ Խաչատրյանը նկատեց, որ անհաջողությունների մեծ մասը տեղի է ունենում հենց ներշնչման պատճառով:

Այսպիսով՝ մայիսը սովորական ամիս է և այդ ամսվա մեջ որևէ միստիկ նշանակություն չկա: Ժողովուրդը սա պետք գիտենա և գիտակցի, որ դժբախտության պատճառ կարող է դառնալ ոչ թե ամիսը, այլ իրենց իսկ սնոտիապաշտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button