Քաղաքական

Հարցերի հարցը Ղարաբաղը բանակցային դաշտ վերադարձնելն է. Արման Նավասարդյան

karenghazaryan
Վիեննայի հանդիպումը որոշակի քաղաքական նոր պահեր ստեղծեց միջազգային հարաբեություններում՝ այս կարծիքին է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանը կամ հրաժարվում կամ զգուշանում է այն գերակա դիրքորոշումից, որ ունի Ղարաբաղյան հարցում: Այս հանգամանքն էլ, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարծիքով, որոշակիորեն աշխուժացրել են Մինսկի խմբի մյուս համանախագահներին: Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ լավ է այն, որ կարծես թե կոնսենսուս գոյություն ունի երեք համանախագահների միջեւ՝ Ղարաբաղյան հարցում: Հարցերի հարցը այս ժամանակաընթացքում, արտակարգ եւ լիազոր դեսպանի կարծիքով, Ղարաբաղը բանակցային դաշտ վերադարձնելն է, ինչը պետք է անի Հայաստանը: Թեմային անդրադարձել է նաեւ սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը:

 

Երեք խոշոր պետություններն էլ հանդես են գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին՝ նկատեց արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպումից ստեղծված իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին: Արման Նավասարդյանը չափավոր լավատեսություն է հայտնում այդ առումով: Ոչ ոգեւորված եմ, ոչ էլ վատատես՝ ասաց:

«Բոլոր դեպքերում, բանակցությունը, միանշանակ, ավելի լավ է, քան թե պատերազմը, բայց արդյո՞ք պատերազմը կդադարի, արդյո՞ք Ադրբեջանը չի շարունակի իր ռազմական գործողությունները՝ ես, անկեղծ ասած, կասկածում եմ, որ դա այդպես կլինի»:

Սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը նկատում է, որ ընդհանրապես բոլոր պայմանավորվածություներն էլ պայմանական են ու ժամանակավոր, առավել եւս Ադրբեջանի պարագայում, ինչում համոզվել ենք բազմիցս:

«Հետեւաբար, պետք է ուժեղացնել մեր ներքին ճակատը՝ մաքրելով «ավգյան ախոռները», որ կրկնվելու դեպքում, իսկ սա /Ադրբեջանի ագրեսիան/ կրկնվելու է իհարկե, ավելի հզոր հակահարված կարողանանք տալ»:

Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ հայկական կողմը պետք է փոխի նաեւ իր մոտեցումները կորցրած տարածքի նկատմամբ: Մի թիզ հողն անգամ զիջելը կորուստ է թե՛ հոգեբանական, թե ֆիզիկական, թե՛ ռազմական առումներով՝ ձեւակերպեց վերլուծաբանը: Նա չբացառեց նաեւ, որ իրադրությունը կարող է այնպես փոխվել, որ Հայաստանը նույնպես փոխի իր ռազմական դոկտրինի սկզբունքները՝ պաշտպանողականից անցնելով հարձակվողականի: Պետք է հասկանանք, թե ում  հետ գործ ունենք՝ ասաց:

«Կանգնած ենք մի պետության առաջ, որի ետեւում էլ մեկ այլ պետություն է կանգնած /Թուրքիան/, որը հռչակել է արմենացիդ՝ հայ սպանելու՝ արմենաֆոբ քաղաքականություն: Նեոֆաշիզմ է ծնվել եւ դա կատարվում է պետական մակարդակով»:

Ուժեղ ռազմական պոտենցիալ ստեղծելու գաղափարը չպետք է անտեսենք, որը պետք է զուգակցել համազգային պետենցիալի օգտագործմանը՝ ասաց Արման Նավասարդյանը: Այս կարծիքին է նաեւ սփյուռքահայ պատմաբան Գեւորգ Յազըճյանը: Նրա գնահատմամբ՝ սփյուռքի հսկայական ներուժ ունենք, որը սակայն լիովին չի օգտագործվում, իսկ պատճառներից մեկն էլ պայմանավորված է վստահության պակասով:

Back to top button