Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանը Աֆրիկյան Միության գործադիր ղեկավարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսական գործողությունները

Մայիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի, ով համատեղության կարգով ՀՀ դիտորդ, լիազոր ներկայացուցիչն է Աֆրիկյան Միությունում, հանդիպումը ԱՄ հանձնաժողովի փոխնախագահ Էրաստուս Մվենչայի հետ: Քննարկվել են ԱՄ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները։

ՀՀ դեսպանը փոխնախագահ Մվենչային է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձը՝ հասցեագրված Աֆրիկյան Միության հանձնաժողովի նախագահ Նքոսազանա Դլամինի Զումային, որով ԱԳ նախարարը կոչ է անում Աֆրիկյան Միության հանձնաժողովին և այդ հեղինակավոր տարածաշրջանային կազմակերպության անդամներին միանալու միջազգային հանրության այլ անդամներին՝ հակամարտության կարգավորման համար գոյություն ունեցող միակ ձևաչափը հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին սատարելու համար՝ հանուն լարված իրավիճակի լիցքաթափման, խաղաղության և կայունության հաստատման։

Ուղերձում, մասնավորապես, ասված է, որ Ադրբեջանը, խախտելով զինադադարի մասին 1994թ. եռակողմ համաձայնագիրը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և ԵԱՀԿ գագաթաժողովների և նախարարական խորհրդաժողովների որոշումներն ու հռչակագրերը, անտեսելով Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները, ապրիլի 2-ին լայնածավալ ռազմական հարձակողական գործողություններ է սանձազերծել Արցախի նկատմամբ։

ՀՀ արտգործնախարարը Աֆրիկյան Միության գործադիր ղեկավարի ուշադրությանն է ներկայացրել նաև Արցախի քաղաքացիական բնակչության և զինվորների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսական գործողությունները, որոնք հակասում են քաղաքակիրթ աշխարհի տարրական բարոյական նորմերին և հանդիսանում մարդու իրավունքների և մարդասիրության միջազգային օրենքների բացահայտ խախտումներ։

Ցուցադրել ավելի
Back to top button