ԿարևորՀասարակություն

Կառավարությունը ձեռնամուխ է լինում ծախսերի կրճատմանը (լրացված)

տեղադրվել է ժամը 12։44- ին
վերջին լրացումը՝ ժամը 17։17- ին

hasmikdilanyan

Վարչապետի՝ նախորդ հինգշաբթի  կառավարության նիստում տված հանձնարարության անդրադարձով է այսօր սկսվել գործադիրի հերթական նիստը: Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է սկսված ու նախատեսվող աշխատանքների  մասին: Օրակարգում նաև  կառավարման համակարգի օպտիմալացման հարցն է: Այս խնդրին էլ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն է անդրադարձել ու  տեղեկացրել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբն արդեն ստեղծվել է։ Հերթական հանձնարարականն այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն է ստացել:

 

Կրճատել ծախսերը, պայքարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Նախորդ շաբաթ կառավարության նիստում վարչապետը հանձնարարություններ տվեց։ Այսօր արդեն կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ աշխատանքներն սկսված են: Վերջինիս տեղեկացմամբ,  ավտոմեքենաների կրճատումը կլինի փուլային եղանակով:  Առաջին փուլով կկրճատվի  797  մեքենա:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ բյուջեից  ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Նաև նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով « արգելվում է սպասարկվող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին:  Վարչապետի վերահսկողական ծառայության կողմից պարբերաբար սպասարկող մեքենաների օգտագործման  նպատակայնության ուսումնասիրություններ պետք է կատարվեն»։

Բացի այդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է զետեղվի տեղեկատվություն մեքենա առ մեքենա՝ ում է այն սպասարկում, մակնիշը արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը:

Բյուջետային միջոցները խիստ նպատակային և ադյունավետ օգտագործելու նպատակով, պետական իշխանության կառավարման մարմիններին հանձնարարական տրվեց՝   բոլոր   վերաբաշխումները,   ներառյալ միջազգային կազմակերպությունների և օտարերկյա պետությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերը համաձայնեցնել ՀՀ վարչապետի հետ:

Օրակարգում նաև  կառավարման համակարգի օպտիմալացման հարցն է  դրված: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ,  միջգերատեսչական աշխատանքային խումբն արդեն ստեղծվել է։

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անձամբ օպտիմալացման կողմնակից է:  Նրա տեղեկացմամբ, դեռ վաղ է թվեր հնչեցնել՝ թե որքան կրճատումներ կլինեն: Մի բան , սակայն, հստակ է՝ մոտ 7000 քաղծառայողի հաստիքներ կան, այդ թվում նաև՝ թափուր, կաշխատեն կրճատումներ անել այդ հաստիքների հաշվին: Բադալյանը կարծում է, որ ավելի շատ հարցեր  կլուծի տրանսպորտային միջոցների կրճատումը,  քան՝ հաստիքների։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցնում է՝ օպտիմալ որոշումներ ու լուծումներ կգտնեն, այնպիսիք՝  որպեսզի  սոցիալական լարվածություն չառաջանա:  Նախ և առաջ պետք է արտադրողականությունը բարձրանա՝ ասում է  նախարարն  ու  այս պահին կրկին հրաժարվում հաստիքների կրճատման թվեր հնչեցնել:  Հստակ է  նախարարության՝  տրանսպորտային միջոցների կրճատման  թիվը ՝ նախարարության համակարգից 41 ավտոմեքենա կկրճատվի։

Առողջապահության նախարարությունում  նույնպես հաշվարկներ, քննարկումներ են կատարվում: Նախարար  Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ, մոտ 70 մեքենա պետք է կրճատվի: Այստեղ նաև 80-ականներից մարզերում աշխպատող մեքենաներն են՝ ասաց նախարարը:  «Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել ՝ ավելի սուղ միջոցներով,- աշխատանքների տրամաբանությունն է  պարզաբանում Մուրադյանը;

«Առողջապահության ոլորտում նույնպես կադրային խնդիրները քննարկվում են՝ տեղեկացրեց նախարարը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարական տվեց նաև էկոնոմիկայի նախարարին։ Արծվիկ Մինասյանը արդեն կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հորդորեց  սպասել  մինչ կհրապարակի մոնոպոլիաների մասին զեկույցը:

 

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button